Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցած օրը ոստիկանիւթյունը մեր ավտոմեքենաներից մեկին Գյումրիում տուգանել է. քաղաքապետ

Գյումրիում ոստիկանությունը տուգանել է Երեւանի քաղաքապետին ուղեկցող ավտոշարասյան մեքենաներից մեկի վարորդին: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Մեր ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման հետ խնդիր ունեք: Չգիտեմ՝ մեքենաներից որն է, բայց ոստիկանությունը տուգանել է։ Հասկացեք, թե ինչո՞ւ է այդպես լինում, որ չենք անում։ Գյումրիում ասացին, որ աշխատանքներ տանում են»,- ասաց քաղաքապետը։

Քաղաքապետը հանձնարարեց յուրաքանչյուր շաբաթ իրեն զեկուցել, թե տեխզննման հետ կապված քանի մեքենա է տուգանվել։ Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանն էլ, արձագանքելով քաղաքապետին, նշեց, որ նաեւ օրենսդրական խնդիր կա. իրավաբանական վարչության հետ կաշխատեն եւ նախագիծ կներկայացնեն Կառավարություն։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 3-ին՝ «Գյումրու տոնին», Երեւանը նվեր էր արել հայրաքաղաքին. «Երեւանի օրերը Գյումրիում» միջոցառման շրջանակներում շքեղ միջոցառում էր իրականացվել, որին ներկա էին գտնվել Երեւանի քաղաքապետը, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ավագանու անդամներ: Համերգային երեկոյի ընթացքում ելույթ էին ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ «Ռեինկարնացիան»: Համերգի միջնամասում Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը սկսել էր պարել եւ բոլորին հրավիրել պարի: