Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ քննչական կոմիտեն բենզալցակայանում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեն բենզալցակայանում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ
Հասարակություն / Իրավունք
19:47, 05 сентябрь 2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օրեր առաջ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գործող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ. այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ստացվել է 2022 թվականի սեպտեմբերի 03-ին՝ ժամը 15։55-ին։

Նախնական տվյալներով՝ հիշյալ բենզալցակայանում գազաբալոնի գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետևանքով չորս քաղաքացիներ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը ստացած մարմնական վնասվածքներից՝ մահացել է:

Քրեական վարույթի շրջանակներում կատարվել է մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություններ։ Հիշյալ քաղաքացիները տուժող են ճանաչվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ ծավալուն հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին։

Նախաքննությունը շարունակվում է: