Քաղաքացիակենտրոն
լրատվություն

STARMUS-ի շնորհիվ աշխարհն ինձ համար ավելի է գեղեցկանում․ ամերիկացի բանաստեղծուհին արժանացավ Սթիվեն Հոքինգի մեդալի

STARMUS-ի շնորհիվ աշխարհն ինձ համար ավելի է գեղեցկանում․ ամերիկացի բանաստեղծուհին արժանացավ Սթիվեն Հոքինգի մեդալի
Հասարակություն
22:46, 05 сентябрь 2022
Ամերիկացի բանաստեղծուհի Դայան Էքերմանը (Diane Ackerman) STARMUS VI փառատոնի շրջնակում արժանացավ Սթիվեն Հոքինգի մեդալին՝ իր ստեղծագործությունների միջոցով գիտությունը և բնությունը ներկայացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մեդալը հանձնեցին փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանն ու Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դեյվիդ Էյքերը։






«Ես շատ զգացված եմ՝ ստանալու այս մրցանակը։ Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ անում եք այստեղ։ Դուք գիտությունն ու արվեստը մատուցում ենք այնքան մեծ սիրով ու հաճույքով։ Ձեր շնորհիվ աշխարհն ինձ համար ավելի է գեղեցկանում»,- ասաց մրցանակակիր Էքերմանը։

Իր տեսակի մեջ յուրահատուկ այս մեդալը շնորհվում է գիտությունը հանրայնացնողներին ( Science Communicator) երեք անվանակարգերում՝ գիտություն, արվեստ և ֆիլմ: Մեդալի մի կողմում պատկերված է երջանկահիշատակ տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի նկարը, իսկ նկարի հեղինակը առաջինը բաց տիեզերք դուրս եկած տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովն է։ Մեդալի մյուս կողմում բաց տիեզերքում քայլող Լեոնովն է և երաժշտությունը խորհրդանշող կիթառը: Առաջին անգամ մեդալը հանձնվել է Starmus-ի երրորդ փառատոնի ժամանակ՝ 2016 թվականին։ Այս տարիների ընթացքում մեդալին արժանացել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպես SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, օսկարակիր կոմպոզիտոր Հանս Ցիմերը, աստղաֆիզիկոս Նիլ դե Գրաս Թայսոնը, ֆիզիկոս Ջիմ ալ-Խալիլը, էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից մեկը համարվող Ժան Միշել Ժառը։ 2019 թվականին Starmus-ի պատմության մեջ առաջին անգամ հանձնվեց Սթիվեն Հոքինգի մեդալը կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար (Lifetime Achievement Award): Մրցանակի արժանացավ Լուսնի վրա ոտք դրած երկրորդ մարդը՝ «Ապոլոն-11» առաքելության մասնակից Բազ Օլդրինը։