Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սթարմուսի պաշտոնական մեկնարկը տրված է. օր 1

Սթարմուսի պաշտոնական մեկնարկը տրված է. օր 1
Հասարակություն
11:30, 06 сентябрь 2022
Երեկ տրվեց Սթարմուս միջազգային փառատոնի պաշտոնական մեկնարկը։ Փառատոնի առաջին օրվա շրջանակում տեղի ունեցան տարբեր հանդիպում-դասախոսություններ ՀՀ մի քանի բուհերում, իսկ օրն ավարտվեց փառատոնի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությամբ։

«ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» դասախոսությունը առաջիններից էր փառատոնի շրջանակում իրականացվող միջոցառումներից։ ԵՊՀ-ն հյուրընկալել էր Նոբելյան մրցանակի դափնեկիր աստղաֆիզիկոս Քիփ Թորնին և արվեստագետ, նկարչուհի Լիա Հալորանին։ Նրանք ներկայացրել են սև խոռոչների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները և արվեստի դերը գիտության զարգացման գործում։ 

Փառատոնի շրջանակում դասախոսություններով հանդես եկան նաև` ԹՈՒՄՈ կենտրոնում Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դեյվիդ Այքերը,  Ռուս-հայկական համալսարանում՝ աստղաֆիզիկոս, մոլորակագետ և Հարավարևմտյան հետազոտական   ինստիտուտի Բոլդեր գրասենյակի տնօրեն Ջոել Փարքերը, Ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ Նագին Կոքսը։
Ընդգծենք, որ այս և փառատոնի շրջանակում կրթական հաստատություններում անցկացվող մյուս դասախոսությունների մուտքն ազատ է։

Երեկոյան էլ արդեն մեկնարկեց «Սթարմուս» փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ աննախադեպ համերգային ծրագրով՝ Ռիք Վեյքմանի, Սերժ Թանկյանի, Sons of Apollo մեգախմբի, Անդրեյ Մակարևիչի, Տիգրան Համասյանի, Քրիս Հեդֆիլդի և Հայաստանի ազգային ֆիլհարմնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Համերգի ընթացքում տեղի ունեցավ նաև Սթիվեն Հոքինգի շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Սթիվեն Հոքինգի շքանշանն այս տարի առաջինը շնորհվել է Բրայան Մեյին գիտությունը հանրայնացնելու գործում ներդրումի համար։ Հոքինգի երկրորդ շքանշանը շնորհվել է պոետ և նատուրալիստ Դայան Աքերմանին։