Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթը» միջոցառման շրջանակում աստղաֆիզիկոս Միշել Մայորը հանդես եկավ դասախոսությամբ

«ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթը» միջոցառման շրջանակում աստղաֆիզիկոս Միշել Մայորը հանդես եկավ դասախոսությամբ
Հասարակություն
16:30, 06 сентябрь 2022
Շվեյցարացի աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորը Երևանի պետական համալսարանում հանդես եկավ աստղաֆիզիկայի բնագավառին առնչվող դասախոսությամբ՝ ներկայացնելով տիեզերական օբյեկտները, այդ թվում՝ սեփական հայտնագործությունը՝ արեգակնանման «51 Pegasi b» էքսոմոլորակը, և դրա ունեցած դերը աստղագիտության հետագա զարգացման գործում։

ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը դասախոսության սկզբում ներկայացրեց հրավիրյալ բանախոսի կենսագրական մանրամասները և վերջինիս՝ գիտական աշխարհում գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները։

Ժնևի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Միշել Մայորը դասախոսության ընթացքում ներկայացրեց Արեգակի մերձակայքում աստղերի կինեմատիկական հատկությունների վերաբերյալ իր ուսումնասիրությունները, ինչպես նաև 1995 թվականին իր կատարած հայտնագործությունը՝ արեգակնանման «51 Pegasi b»-ն՝ աստղի շուրջ պտտվող առաջին էքսոմոլորակը: Այդ հայտնագործության համար Միշել Մայորը և շվեյցարացի աստղագետ Դիդիե Քելոն 2019 թվականին արժանացել են Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։

Անդրադառնալով աստղագիտության մեջ առաջին էքսոմոլորակի հայտնագործության ունեցած նշանակությանը՝ բանախոսը նշեց, որ դրանից հետո մի շարք աստղագետներ հաստատել են մոլորակի գոյությունը և սկսել առավել մանրակրկիտ ուսումնասիրել «51 Pegasi b»-ի առանձնահատկությունները:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  «51 Pegasi b» էքսոմոլորակը չորս օրում է պտտվում իր աստղի շուրջը: «51 Pegasi b»-ն շարժվում է 136 կմ/վ (300,000 մղոն/ժ) ուղեծրային արագությամբ, սակայն ունի Յուպիտերի (Լուսնթագ) զանգվածի մոտ կեսը։ Այն շատ ավելի մոտ է իր աստղին, քան Մերկուրին (Փայլածու)՝ Արեգակին։ Նախքան «51 Pegasi b»-ի հայտնագործումը մոլորակների ձևավորման տեսություններում անհնարին էր համարվում այնպիսի մոլորակի գոյությունը, որն իր աստղին կարող է այդքան մոտ գտնվել։ Համաձայն գիտական հետազոտությունների՝ «51 Pegasus b»-ի մթնոլորտում ջերմաստիճանը 1000°C է, այդ իսկ պատճառով էքսոմոլորակը կոչվում է «Տաք Յուպիտեր»: Այդ ժամանակից ի վեր՝ բազմաթիվ այլ «տաք Յուպիտերներ» են հայտնաբերվել»,- ներկայացրեց Մ․ Մայորը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավոր է էքսոմոլորակներում կենսակերպ վարել՝ բանախոսը ժպիտով պատասխանեց․ «Չի բացառվում, որ որոշ մոլորակներում կյանք կա, սակայն այդ մոլորակները մեզանից չափազանց հեռու են: Հարցի պատասխանն ստանալու համար հարկավոր է գնալ և տեղում հասկանալ։

Ամփոփելով ներկայացված գիտական փաստերը՝ Մ․ Մայորն ընդգծեց, որ դրանք չենք կարող ավարտուն համարել, քանի որ ինչպես կյանքի ցանկացած բնագավառում, այնպես էլ տիեզերագիտության մեջ պատասխան չունեցող հարցերն անհաշվելի են, քանզի տիեզերքում շատ են խորհրդավոր ու չբացահայտված հատվածները։

«Էքսոմոլորակների ոլորտը հետաքրքրում է մարդկանց գերակշիռ մասին: Ես անընդհատ դասախոսություններ կարդալու հրավերներ եմ ստանում, և դա բացատրելի է․ մարդիկ չափազանց հետաքրքրված են աստղաֆիզիկայով, իսկ գեղեցիկ լուսանկարների միջոցով ավելի հեշտ է պատկերացում կազմելը: Առհասարակ, իմ կարծիքով, գիտությունն ամենագեղեցիկ բանն է կյանքում»,- եզրափակեց Մ․ Մայորը:

Մեզ հետ զրույցում աստղաֆիզիկոսն անդրադարձավ նաև հաջողակ գիտնական դառնալու նախապայմաններին՝ ընդգծելով․ «Աստղաֆիզիկայի բնագավառում հաջողություններ գրանցելու համար անհրաժեշտ է ունենալ հետաքրքրասիրություն, որոշակի հմտություններ և ֆիզիկայի ու մաթեմատիկայի վերաբերյալ համապարփակ գիտելիքներ: Եթե դու պատրաստ ես միևնույն խնդրի ուղղությամբ անընդմեջ աշխատել և դա անում ես մեծագույն սիրով և պատասխանատվությամբ,  ապա դու պետք է զբաղվես գիտությամբ»։

Դասախոսության ունկնդիր, ԵՊՀ ուսանող Գոռ Չալյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Այսպիսի գիտնականները ոգեշնչման աղբյուր են, և նայելով նրանց՝ մտածում ես, որ հնարավոր է՝ դու նույնպես մի օր կատարես նշանակալի հայտնագործություն և արժանանաս Նոբելյան մրցանակի։ Դասախոսությունն անչափ տպավորիչ էր, և գիտությամբ հետաքրքրվող յուրաքանչյուր մարդ, ներկա գտնվելով հեղաշրջում առաջացրած հայտնագործությունների վերաբերյալ դասախոսությունների, ձգտում է անձամբ դառնալ նմանօրինակ նվաճումների հեղինակ»։

ԵՊՀ մակրոմոլեկուլների ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Լուսինե Ալոյանը, կարևորելով համալսարանում նմանօրինակ դասախոսությունների կազմակերպումը, մեզ հետ զրույցում նշեց․ «Աշխարհահռչակ գիտնականներին ունկնդրելն էական նշանակություն ունի ինչպես ուսանողների, այնպես էլ գիտնական-հետազոտողների համար։ Այսպիսի միջոցառումներին մասնակցելը հնարավորություն է ստեղծում համաշխարհային գիտական հանրույթի մաս դառնալու, ոգեշնչվելու և միևնույն ժամանակ գիտակցելու, թե քո ընտրած մասնագիտությունն ինչ առավելություններ ունի և ինչ խնդիրներ կարող է լուծել»։

Դասախոսության ավարտին Մ. Մայորը պատասխանեց ներկաների հարցերին։ 

Հիշեցնենք, որ «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում ս.թ. սեպտեմբերի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, ֆրանսիացի մանրէաբան Էմանուել Շարպենտիեն ԵՊՀ մեծ դահլիճում հանդես կգան դասախոսությամբ:

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, նախատեսվում է «Տիեզերք և ներշնչանք» խորագրով պանելային քննարկում՝ հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանի, ԵՊՀ շրջանավարտ, Սթարմուս փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և գրող Դեյվիդ Ջոն Էյքրի մասնակցությամբ։