Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ քայլը» հիմնադրամը հանդիպում անցկացրեց Շվեյցարիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ

«Իմ քայլը» հիմնադրամը հանդիպում անցկացրեց Շվեյցարիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ
Հասարակություն
18:10, 07 сентябрь 2022
Շվեյցարիայի Ժնև քաղաքում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հանդիպում անցկացրին հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց հիմնադրամի առաքելությանն ու նպատակներին: Ընդգծվեց, որ հզոր պետություն ունենալու համար պետք է պատրաստել ուժեղ և կրթված անհատների:

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հանդիպման ժամանակ ներկայացրեց հիմնադրամի կողմից իրականացվող 4 ծրագրերը, որոնք նպատակաուղղված են մարդկային ներուժի բացահայտմանը: «Հորիզոններ», «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական, «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման» և «Հանրակրթական դպրոցներում STEM (ԲՏՃՄ) ուղղությունների զարգացման» ծրագրերը ներդնելով՝ հնարավորություն է ստեղծվում ձևավորել առավել որակյալ և մրցունակ հասարակություն, որն էլ, իր հերթին, պատրաստ կլինի դիմագրավել ապագայի անգամ ամենադժվարին մարտահրավերներին։

Հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծվեց, որ «Իմ քայլը» հիմնադրամի համար առաջնային է շարունակական կրթության ներդրման գործընթացը՝ հասարակության բոլոր ուժերի և տարիքային բոլոր շերտերի ներգրավմամբ:

Իրականացվող ծրագրերի գլխավոր նպատակերից մեկն է ստեղծել հնարավորություններ, որպեսզի այս արագ փոփոխվող աշխարհում մարդիկ կարողանան զարգացնել սեփական գիտելիքները, հմտությունները և կարողությունները։

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարց ու պատասխան, որի ժամանակ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը պատասխանեցին Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին: