Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ «STARMUS VI միջազգային փառատոնը Երևանում» թեմայով

Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ «STARMUS VI միջազգային փառատոնը Երևանում» թեմայով
Հասարակություն
14:11, 09 сентябрь 2022
Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «STARMUS VI միջազգային փառատոնը Երևանում» թեմային:

Նամականիշի մարման արարողությունը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, STARMUS փառատոնի համահիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը և ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և շնորհավորել STARMUS VI փառատոնի կայացման առիթով: Նա նաև ընդգծել է՝ նամականիշը պետականության կարևորագույն խորհրդանշաններից է. «Այս փառատոնին նվիրված նամականիշի մարմամբ մենք նշանավորում ենք STARMUS VI-ի կարևորությունն առնվազն 2022 թվականի մեր հանրային կյանքում: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում STARMUS-ը դարձել է մեր հանրային կյանքի անբեկանելի բաղադրիչը, որի դրական ազդեցությունը, վստահ եմ, երկար ժամանակ կզգանք մեր երկրում»:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն իր խոսքում ընդգծել է փառատոնի կարևորությունը և դրան նվիրված նամականաիշի մարումը. «Սա, իսկապես նոր խոսք ու նոր մոտեցում է մեր ինչպես մշակութային, այնպես էլ գիտական կյանքում: Երկուսն էլ տիեզերական սահմաններ ունեցող խորություններ են, և ամեն օր այս փառատոնի տարաբնույթ միջոցառումներին մասնակցելով՝ պարզապես անգերազանցելի տպավորություններ ենք ստացել: STARMUS գիտական և մշակութային փառատոնն անցկացվում է 6-րդ անգամ, բայց առաջին անգամ է այդ թեմայով նամականիշ թողարկվում. այնպես որ, սա բացառիկ իրադարձություն է: Շնորհավորում եմ բոլորիս»:

STARMUS փառատոնի հիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը կարևորել է այն հանգամանքը, որ առաջին նամականիշը թողարկվել է հենց Հայաստանում. «Ամբողջ աշխարհում STARMUS-ը համարվում է գիտական լավագույն փառատոներից մեկը, ստացել է տարբեր մրցանակներ, բայց նամականիշ երբևէ չէր թողարկվել: Շատ զգացված եմ, որ այդ իրադարձությունը տեղի ունեցավ հենց Հայաստանում: Ես էլ եմ կարծում, որ փառատոնը ստացված է: Տեսնում եմ՝ ինչպիսի ոգևորություն է երիտասարդների շրջանում և շատ ուրախ եմ այդ առիթով: Դասախոսություններ իրականացնող մեր հյուրերը ևս շատ տպավորված են ու ստանում են դրական լիցքեր»:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ևս կարևորել է STARMUS VI փառատոնի անցկացումը՝ ընդգծելով, որ այն միավորել է գիտությունը, կրթությունը, արվեստը և տեխնոլոգիաները՝ նպատակ ունենալով արվեստի միջոցով հանրայնացնել գիտությունը. «Օրեր շարունակ հնարավորություն ունեցանք մասնակցելու գիտությանը և արվեստին նվիրված բազմաբովանդակ միջոցառումների, իսկ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները ծանոթացան մեր երկրի գիտական ու մշակութային ժառանգությանը: Դասախոսություններն ու գիտական ճամբարներն էլ, վստահաբար, նպաստեցին գիտությունն ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելուն»:

500 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» միջազգային փառատոնի տարբերանշանը, իսկ գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է Մարս մոլորակը:

Գեղաթերթիկի ներքևի հատվածում տեղադրված է «STARMUS VI Հայաստան, Միջազգային փառատոն» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Նամականիշը 10.000 տպաքանակով տպագրվել է Ֆրանսիայում: