Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջերմուկում քաղաքացիական ենթակառուցվածքներ չեն վնասվել, քաղաքացու ավտոմեքենան Ջերմուկից դուրս եկող ճանապարհահատվածին է թիրախավորվել․ Ջերմուկ համայնքի ղեկավար

Ջերմուկում քաղաքացիական ենթակառուցվածքներ չեն վնասվել, քաղաքացու ավտոմեքենան Ջերմուկից դուրս եկող ճանապարհահատվածին է թիրախավորվել․ Ջերմուկ համայնքի ղեկավար
Հասարակություն
13:00, 14 сентябрь 2022
Ջերմուկում կրակոցները գիշերը 2-ից պարզ լսելի են եղել, առավել մեծ ագրեսիան առավոտյան է սկսել։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։ 

Նրա խոսքով՝ Ջերմուկ քաղաքում քաղաքացիական ենթակառուցվածքներ չեն վնասվել, բնակիչների մեծ մասը տարհանվել են ապահով բնակավայրեր, իսկ նրանք, ովքեր մնացել են Ջերմուկում, ապաստարաններում են գտնվում․ «Ջերմուկ քաղաքում մնացած բնակիչները, ովքեր սննդի կամ այլ օգնության խնդիր ունեն՝ զանգում են, լուծում ենք այդ հարցը։ Քաղաքում լույս կա, իսկ գազը մենք ենք անջատել՝ ապահովության համար»,-ասաց նա։ 

Ջերմուկ համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք նաև Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից թիրախավորված քաղաքացիական ավտոմեքենայի մասին։ Վահագն Արսենյանը տեղեկացրեց, որ վարորդը Մեղրիի բնակիչ է եղել, Ջերմուկից դուրս եկող ճանապարհահատվածին է թիրախավորվել։ Նշենք, որ քաղաքացին վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ 

Հարցին՝ Ջերմուկում քաղաքացիական ճանապարհները թիրախավորվա՞ծ են թշնամու կողմից, համայնքի ղեկավարը պատասխանեց․ «Չէի ասի՝ այդքան շատ, իրենց ճանապարհը պետք չի»։

Վահագն Արսնեյանը տեղեկացրեց նաև, որ թշնամու հարձակումից անմիջապես հետո Ջերմուկում ձևավորված ինքնապաշտպանական ջոկատներն արդեն իսկ որոշակի չափով ներգրավված են Ջերմուկի դիրքերի պաշտպանությանը։ 

Նշենք, որ ըստ ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ հարձակում են իրականացրել՝ կիրառելով նաև հրետանային միջոցներ ու ԱԹՍ-ներ: Հակառակորդի հարվածներից որոշ բնակավայրերում վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ այդ թվումբնակելի տներ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանի 4 ուղղություններով հարձակում է իրականացրել, որին ավելացել են նաև 2-3 ուղղություններ։ Հայկական կողմն ունի 49 զոհ, կան նաև վիրավորներ։

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ․ «Ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով»,-գրված է ՊՆ-ի հայտարարության մեջ։

Նարա Մարտիրոսյան