Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները մեկ տասնյակից ավելի գերու մասին տեսանյութեր են հրապարակել, մի քանիսը նույնականացված են. Զեյնալյան

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները մեկ տասնյակից ավելի գերու մասին տեսանյութեր են հրապարակել, մի քանիսը նույնականացված են. Զեյնալյան
Հասարակություն
13:13, 15 сентябрь 2022
«Մեկ հոգի նույնականացված գերի կա, մնացածի մասով շարունակվում են աշխատանքները: Մեկ նույնականացված գերու համար սեպտեմբերի 13-ին փաստաթղթերն ուղարկվել է ՄԻԵԴ: Իսկ երեկ`սեպտեմբերի 14-ին լրացված խմբերի համար է փաստաթղթերն ուղարկվել ՄԻԵԴ, բայց նույնականացման աշխատանքները շարունակվում են»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը: 

Նրա խոսքով`մեկ նույնականացված գերու համար ՄԻԵԴ ուղարկված դիմումը լրացվել է և փաստվել, որ մեկ հոգի չէ գերի`կան նաև այլ անձինք. «Տեսանյութերից պարզ է, որ մեկ հոգուց ավելի են: ՄԻԵԴ-ում արդեն տեղեկացված են, որ գերիները շատ են»,-հավելեց Հասմիկ Սամվելյանը:

Փաստաբան, գերիների, անհետ կորածների, սպանվածների իրավունքների խախտման հարցերով զբաղվող Արտակ Զեյնալյանն էլ մեզ տեղեկացրեց, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներից արդեն իսկ պարզ է դարձել, որ մեկ տասնյակից ավելի գերի կա. «Մեկ տասնյակից ավելի գերու մասին տեսանյութեր են հրապարակվել, որոնցից մի քանիսին նույնականացրել ենք և այդ գործերով արդեն իսկ զբաղվում ենք»,- հավելեց նա:

Նշենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի` Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի ուղղություններով նախահարձակ են եղել Հայաստանի պետական սահմանի վրա: Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից թիրախավորվել են նաև հայկական բնակավայրեր, ավերվել են մի քանի տասնյակ տներ, քաղաքացիներից 4-ը վիրավորվել են, 1-ը զոհվել, բազմաթիվ բնակիչներ առանց որևէ  իրի ու փաստաթղթի լքել են իրենց տները:  

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 105 զոհ, կան նաև վիրավորներ: Երեկ` սեպտեմեբրի 14-ին` ժամը 20:00-ին հայտարարվել է հումանիտար հրադադար: 

Հիշեցնենք, որ նախքան սեպտեմբերի 13-ի մարտերը Ադրբեջանում դեռևս շարունակում էին գերու կարգավիճակով մնալ երեք տասնյակից ավելի ՀՀ զինծառայողներ, որոնք գերեվարվել էին տարբեր ժամանակահատվածներում` այդ թվում 44-օրյա արցախյան պատերազմի օրերին և դրանից հետո: 

Նարա Մարտիրոսյան