Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանից հայտնում են Ադրբեջանի հարձակման հետևանքով 10-ից ավելի հայ զինծառայողի գերեվարման մասին

Հայաստանից հայտնում են Ադրբեջանի հարձակման հետևանքով 10-ից ավելի հայ զինծառայողի գերեվարման մասին
Հասարակություն
12:22, 17 сентябрь 2022
Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման  հետևանքով մեկ տասնյակից ավելի  հայ զինծառայող է գերեվարվել: «Պատկերը դեռ խաբուսիկ է, կարող է փոփոխվել:

Նույնականացված գերիների հետ կապված այլ ինֆորմացիա չեմ կարող նշել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը:

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Ադրբեջանին՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը: Եվրոպական դատարանից Հայաստանը պահանջել էր նաև կիրառել իր կանոնադրության 39-րդ կանոնի 2-րդ կետը և անհապաղ ծանուցել որոշման մասին ԵԽ Նախարարների կոմիտեին: