Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղարքունիքի մարզի Սոթք և Այրք բնակավայրերում 2 դպրոցական շենք է վնասվել. ԿԳՄՍ փոխնախարար

Գեղարքունիքի մարզի Սոթք և Այրք բնակավայրերում 2 դպրոցական շենք է վնասվել. ԿԳՄՍ փոխնախարար
Հասարակություն
15:33, 19 сентябрь 2022
Գեղարքունիքի մարզի Սոթք և Այրք բնակավայրերում 2 դպրոցական շենք է վնասվել։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ 

«Շատ արագ կկարգավորենք անհրաժեշտ աշխատանքների իրականացումը դպրոցներում՝ շենքերին պատճառած վնասի ուղղությամբ, բայց շատ մտահոգիչ է, որ ուսումնական հաստատությունները թիրախավորվել են և դարձել ուղիղ կրակի թիրախ, ինչն անթույլատրելի է և միջազգային իրավունքի տեսանկյունից նորմերի խախտում է»,- նշեց ԿԳՄՍ փոխնախարարը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախարարությունը ԱԳՆ-ի հետ սերտ կապի մեջ է՝ երեխաների կրթության իրավունքի խախտումը միջազգային իրավունքի տեսանկյունից արձանագրելու համար։

Փոխնախարարը նշեց նաև, որ 2020թ. պատերազմի ժամանակահատվածում մշակել են հոգեբանի վերապատրաստման ծրագիր, և Հայաստանի ուսուցիչները ձեռք են բերել կարևոր փորձառություն ու կարող են անհրաժեշտ զրույցներ ունենալ երեխաների հետ: «Մենք հոգեբանի աշխատանքը դպրոցներում շատ կարևորում ենք, ֆինանսավորման նոր կարգով հոգեբանի հաստիքը բոլոր դպրոցներում պարտադիր ենք դարձնում»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։ 

Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հարձակում իրականացնելու ու հայկական բնակավայրերը ավերելու հետևանքով Վարդենիսում ու Ջերմուկում նախադպրոցական հաստատությունները մինչ օրս չեն գործում։