Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 11 անդամները միաժամանակ հրաժարական ներկայացրել

Ինչո՞ւ են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 11 անդամները միաժամանակ հրաժարական ներկայացրել
Հասարակություն
19:45, 12 апрель 2021
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևի 11 ներկայացուցիչներ, առանց որևէ բացատրության, անդամությունից հրաժարվելու մասին դիմում են գրել։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Ուսանողական խորհրդի փոխնախագահ Խաչիկ Աբաջյանը։


Արդեն «Ա1+»-ի հետ զրույցում Աբաջյանը հիշեցրեց՝ տևական ժամանակ է՝ ԵՊՀ-ն ռեկտոր չունի, Հոգաբարձուների խորհուրդը պետք է ռեկտոր ընտրի։
 Նախորդ նիստի օրակարգում ներառված է եղել նաև  ռեկտորի նոր մրցույթ նշանակելու հարցը, ըստ Աբաջյանի՝ իշխանական թևի 16 ներկայացուցիչներից որևէ մեկը նիստին չի ներկայացել․

«Իրենք դիտավորյալ սաբոտաժ են արել, որպեսզի նիստը տապալեն»։

Աբաջյանը պնդում է՝ իշխանությունը ցանկանում է, որպեսզի Հոգաբարձուների խորհուրդը լուծարվի մինչև Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի վերջնական ուժի մեջ մտնելը։

Հիշեցնենք՝ օրենքն արդեն ԱԺ-ում ընդունվել է, սպասվում է, որ նախագահը սահմանված ժամկետում կստորագրի կամ կուղարկի ՍԴ։

«Եթե այդ օրենքն ընդունվի, սեպտեմբերին նորից Հոգաբարձուների խուրհուրդները պետք է ցրվեն, նորից գումարվեն, իրենք փորձ են անում մինչ սեպտեմբեր գործընթացը ձգձգել, թույլ չտալ, որ համալսարանը ունենա ռեկտոր, գործող Հոգաբարձուների խորհուրդ։ Ըստ կանոնադրության ՝ եթե Հոգաբարձուների խորհրդի կեսից ավելին դադարեն գործել, ամբողջ խորհուրդը լուծարվելու է, իսկ իշխանությունը խորհրդում ունի 16 ներկայացուցիչ»։
Աբաջյանը հիշեցում է՝ այս խորհուրդը ձևավորվել է 2020 թվականի հուլիսին, իրեն չի սպառել, հետևաբար՝ անդամությունից հրաժարվելու խնդիր չպետք է լիներ․

«Նոր օրենքի նախագծով Կառավարությունը խորհրդում ունենում է ավելի շատ ձայներ, և իրենք կարողանալու են իրենց ցանկալի ռեկտորի թեկնածուին անցկացնել,  եթե խորհրդում 9 անդամից 5-ը լինելու են ԿԳՄՍ-ի կողմից ներկայացված անձինք, ակնհայտ է, որ իրենք անելու են այնպես, ինչպես ուզելու են»։

«Ա1+»-ը զրուցեց նաև ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի հետ, վերջինս նշեց՝ տեղեկատվություն չունի, թե Հոգաբարձուների խորհրդի 11 անդամները ինչու են միաժամանկ հրաժարվել անդամությունից։


Ըստ ԵՊՀ խոսնակի՝  Կառավարությունը պատրաստ չէ բուհական ինքնավարությանը․

«Իրենք ժամանակ են ձգում նոր օրենքի ուժի մեջ մտնեու համար, սակայն սա ոչ պատասխանատու վարք է Կառավարության կողմից, իրենք ունեն կանոնադրական պարտականություններ»։

ԵՊՀ խոսնակը պնդում է՝ խորհրդի անդամները են  շարունակում են ոչնչի քաղաքականությունը, այսինքն՝ ոչինչ չեն ձեռնարկում, բայց արգելակում են ամբողջ գործընթացը․

«Հոգաբարձուների խորհրդի անդամները պետք է հանդես գան ոչ թե  այն կազմակերպության շահերի անունից, որը իրեն գործուղել է, այլ պետք է պաշտպանեն այն կազմակերպության շահերը, որի անդամ հոգաբարձու են իրենք, սա օրենքի պահանջ է, որը խախտում են։ Երկրորդ կողմն այն է, որ Ժաննա Անդրեասյանը հայտարարում է, որ նախորդ նիստին չի եկել զբաղվածության պատճառով, այնինչ պարզվեց, որ սա որոշված քաղաքականություն է»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: