Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«40 օրից ավելի կռվել ենք, բայց մեր անունը ոչ մի տեղ չեն գրանցում»․ պատերազմի մասնակիցները կրկին բողոքում են ՊՆ-ի առաջ

«40 օրից ավելի կռվել ենք, բայց մեր անունը ոչ մի տեղ չեն գրանցում»․ պատերազմի մասնակիցները կրկին բողոքում են ՊՆ-ի առաջ
Հասարակություն
13:46, 15 февраль 2021
Արցախյան երկրորդ պատերազին մասնակցած մի խումբ պահեստազորայիններ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Պաշտպանության նախարարության մոտ՝ պահանջելով զինգրքույկում գրանցել իրենց մասնակցությունը պատերազմին։

Civic.am-ի հետ զրույցում զինվորներից Հովհաննես Շահբազյանը պատմեց, որ իրենց խումբը 40 օրից ավելի կռվել է առաջնագծում, սակայն վերադառնալուց հետո ոչ մի փաստաթուղթ նրանց չի տրամադրվել, որը կվկայեր պատերազմին իրենց մասնակցության մասին։
Հովհաննեսը 22 տարեկան է՝ Չարենցավան քաղաքից։ Պատերազմին մասնակցել է որպես ՄՈԲ զինծառայող՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 12-ը՝ Արցախի Մարտունի 3 զորամասում։ Նա հրաձիգ է եղել, սակայն մասնակցել է նաև այլ մարտական գործողություններին։
Հովհաննեսի խոսքով՝ երբ իրեն կանչել են զինկոմիսարիատից, պարզվել է, որ առողջական խնդիրների պատճառով կարող էր չմասնակցել պատերազմին։ Ինքն է պնդել, նույնիսկ վիճել, որ պետք է անպայման մեկնի հայրենիքը պաշտպանելու։ 

«Ներկա պահին ոչ մի փաստաթուղթ չունենք։ Զանգում ենք մեր զորամաս, որտեղ կռվել ենք, էնտեղ ասում են՝ ոչ մեկիս անունը չկա իրենց մոտ։ Արցախում բոլոր տեղերն էլ, որտեղ եղել ենք, զանգում ենք, ասում են՝ չկա ձեր մասին տվյալ։ Ոչ էլ գրքույկ ունենք։ Ասում են՝ դուք էստեղ չեք եղել և վերջ։ Բայց մեր զինկոմիսարիատը նշում է, որ մենք գնացել ենք»,- պատմեց Հովհաննեսը։

Հովհաննեսի խոսքով՝ նրանց, ի սկզբանե, զինկոմիսարիատից ուղարկել են «Հայկազով» հրետանային զորամաս, որն արդեն պայթեցված է եղել։ Հետո տեղափոխել են Խոջալու։ Այնտեղ զինվորներին համազգեստ են տվել և տեղափոխել են «Բալուջա» զորամաս, այնտեղից էլ Մարտունի 3 զորամաս։ Իրենց ջոկատից այս պահին 9 հոգի են բողոքում, բոլորի դիմումները անպատասխանեն են մնացել։

«Մեր բողոքը, կարելի է ասել, առաջինը հենց Չարենցավանի վայենկոմատի դեմ է, որովհետև, նախ մեզ ուղարկել էին մի վարորդի հետ, ով մեզ տարավ իջացրեց, ու գնաց էլի մարդ տեղափոխելու։ Ոչ մի հրամանատար, ոչ մի սպա մեզ հետ չեն ուղարկել։ Մենք գնացել հասել էինք Արցախ, մեզ ասում էին՝ ձեզ ո՞վ է ուղարկել, մեզ զորք պետք չի»,- պատմում է Հովհաննեսը։

Զինվորները դիմել են Չարենցավանի վայենկոմատ, հարցով, թե արդյո՞ք տեղյակ չեն, թե որ զորամասի վրա են կցել իրենց, սակայն պատասխանել են, որ տեղյակ չեն։

«Աստված չաներ՝ կորեինք, մահանայինք կամ գերի ընկնեինք, մեր բարեկամները ումի՞ց պետք է տեղեկություն ստանային, եթե ինքը՝ վայենկոմատը տեղեկություն չունի», - տարակուսանք հայտնեց պահեստազորայինը։

Նրանք դիմում են գրել Պաշտպանության նախարարություն, որտեղից մինչ օրս ասում են, որ դեռ չի պատասխանել նախարարը, պետք է սպասեն։ Թեժ գծից նույնպես պատասխան չեն ստացել։ Զինկոմիսարիատում են դիմում գրել, նորից հորդորել են սպասել։ Դիմել եմ Արցախի Մարտունու զորամաս, նորից ասել են՝ սպասեք․ «Որտեղ զանգում ենք, ասում են չկաք։ Մարդկանց մոտ էլ համբերություն չի մնացել։ Նոյեմբերի 12-ին վերադարձել ենք, մինչ այս օր ասում են՝ համբերեք»։

Հովաննեսը հստակեցնում է, որ այս պահին իրենց պահանջը պատասխան ստանալն է, թե առաջին հերթին, որտեղ են իրենց զին․ գրքույկները։ Նրա խոսքով՝ մեկ այլ ջոկի զինվորներ էլ են մասնակցում բողոքի ակցիային, որոնց պահանջը զին գրքույկների խնդրից բացի նաև մինչ օրս դրամական օգնություն չստանալու հարցն է։ Հովհաննեսը նշեց, որ իրենք նույնպես ոչ մի ֆինանսական օժանդակություն չեն ստացել։ 

Նոր Հաճնեցի Վահրամ Խաչատրյանը, որը Եղվարդի զիկոմիսարիատից է գնացել Արցախ, այնտեղ է եղել հոկտեմբերի 2- ից մինչև նոյեմբերի 18-ը՝ Մարտունի 3-րդ պաշտպանական առաջնագիծում։ Վահրամի խոսքով՝ Եղվարդից իրենք 16 հոգով են գնացել, մինչև վերջին օրը մնացել են 4 հոգով․ «Էնտեղ, կոմբատը, Մխո էին ասում, համարյա թե 2 օրը մեկ մեր անուններն էր ուզում, գրում էինք ուղարկում։ Այսինքն՝ փաստարկված կա այդ ամենը»։ Վահրամի խոսքով՝ իրենց անունները գրանցել և ներկայացրել են շտաբի պետի տեղակալին, սական մինչ օրս քաշքշուկների մեջ են։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսյանյանի գնահատմամբ՝ իշխանությունների այս անտարբերությունը նսեմացնում է պատերազմում կռված զինվորների արժանապատվությունը և սա խիստ դատապարտելի է։ «Այս ահավոր պատերազմից հետո չի կարելի մարդկանց թողնել «փողոցներում»՝ այս վիճակում, որ ստիպված են գալ ու տարբեր դռներ ծեծել։ Պատերազմ գնացել են հիմնականում անապահով ընտանիքներից մարդիկ, որոնք հայրենասեր են և հայրենիքի համար իրենց կյանքն են նվիրել։ Եվ այն մարդիկ, ովքեր ողջ են մնացել, վերադարձել են, չպետք է փողոցներում հայտվեն ու իրենց աշխատավարձը կամ զին գրքույկները մուրան»,- շեշտեց իրավապաշտպանը։

Սյուզի Սիրականյան