Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի հարձակման արդյունքում Սյունիքի բնակավայրերից մի քանի հազար ոչխարներ, ձիեր են գողացվել, նաև՝ մեքենաներ

Ադրբեջանի հարձակման արդյունքում Սյունիքի բնակավայրերից մի քանի հազար ոչխարներ, ձիեր են գողացվել, նաև՝ մեքենաներ
Հասարակություն
18:52, 22 сентябрь 2022
Թշնամին սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի վրա միանգամից մի քանի ուղղություններով ռազմական հարձակման ժամանակ թիրախավորել է ոչ միայն Հայաստանի բնակավայրերը, տները, քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, այլև Սյունիքում կրակ բացելով հովիվների, անասնապահների ուղղությամբ՝ քշել տարել է արոտավայրերում արածող ոչխարներին։ Արդյունքում Սյունիքի մարզի Գորիսի շրջանի Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Գորիս, Տեղ համայնքների որոշ բնակավայրերի տնտեսվարողները ընդհանուր առմամբ կորցրել են մի քանի հազար գլուխ ոչխար, գյուղտեխնիկա, վնասվել են տները, և այլ նյութական կորուստներ են կրել։

Գորիս խոշորացված համայնի ղեկավարի տեղակալ Իրինա Յոյլյանը մեզ փոխանցեց, որ  Ադրբեջանի հարձակման ժամանակ Գորիս համայնքի միայն Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ համայնքներից ընդհանուր առմամբ 29 տնտեսություն կորցրել են  6060 գլուխ մանր եղջերավոր անասուններ, նաև մի քանի ձիեր։ Գորիսից այս պահի դրությամբ հաշվառվել են 4 ընտանիք, ովքեր կորցրել են շուրջ հազար գլուխ մանր եղջերավոր անասուններ։ 

Ադրբեջանցի զինվորները ոչխարների հափշտակությամբ չեն սահմանափակվել: «Տարածքից գողացել են նաև երեք մեքենա և հովվի տնակը»,- հավելեց փոխհամայնքապետ Յոյլյանը։ 

Վերջինիս կարծիքով՝ այս անգամ կորուստների մեծաթիվ լինելը պայմանավորված է նրանով, որ տարվա այս սեզոնին Գորիս համայնքի ֆերմերները իրենց անասուններին տանում են Ջերմուկին հարակից Իշխանասարի մոտ գտնվող արոտավայրերը՝ արածեցնելու։ 

Հարցին, թե ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը, և ինչո՞ւ հովիվները նախապես դուրս չեն եկել, անասուններին ու իրենց մեքենաները չեն հանել տարածքից, Յոլյանը պատասխանեց, որ չի կարող, իրավասու չէ ասելու, թե ինչու նրանք ավելի վաղ չեն տեղեկացվել դուրս գալու մասին: «Միայն համապատասխան մարմինները կարող են հստակ ասել՝ ունեցե՞լ են արդյոք այդ հատվածում կուտակումների մասին տեղեկատվություն, սակայն պարզ է, որ հարձակումը եղել է ուշ գիշերին, հանկարծակի։ Հովիվները պատմել են, որ գիշերը քնած են եղել, կրակոցներ են լսել, ձայներից խուճապի են մատնվել ու արագ իջել՝ թողնելով այնտեղ եղած տեխնիկան, ոչխարներին։ Իսկ ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են տարածել, որում երևացել է՝ ինչպես են քշում, տանում ոչխարներին»,- հայտնեց Յոյլյանը։

Անդրադառնալով տնտեսվարողներին պատճառված վնասների հետևանքների վերացման, փոխհատուցման ուղղությամբ կատարվող աշխատանքներին՝ նա հայտնեց, որ բոլոր կորուստները, գրավոր դիմումների, անհատական առանձնազրույցների  հիման վրա, հաշվառվել, հավաքագրվել և ներկայացվել են մարզպետարան։ «Բացի դրանից՝ նյութական կորուստների մեջ ներառված են նաև հրետակոծության պատճառով ավերածության ենթարկված Վերին Շեն և Ակներ համայնքների տները, գույքային, կենցաղային բոլոր վնասները»,- նշեց նա։  

Նրա տեղեկություններով՝ մարզպետարանն արդեն իսկ զբաղվում է աջակցության հարցերով, բացի դրանից՝ Գորիսի համայնքապետարանը դիմել է տարբեր կազմակերպությունների։ Յոյլյանը նաև տեղյակ չէ, թե արդյոք աշխատանքներ տարվո՞ւմ են ադրբեջանական կողմից անասուններին վերադարձնելու ուղղությամբ։

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը  մեզ փոխանցեց, որ այս պահի տվյալներով՝ ադրբեջանցիները  յուրացրել են մի բնակչից 87 գլուխ ոչխար, մյուսից, ով Կոռնիձոր բնակավայրից է, տարել են 200 գլուխ ոչխար։ Համայնքապետը հայտնեց նաև, որ ռազմական հարձակման հետևանքով համայնքի որոշ բնակիչներ կրել են նաև նյութական վնասներ. «Պայթեցվել է անասնաֆերմերի մեքենան, տնակներն են կորցրել, հրետակոծման հետևանքով մասամբ ավերվել են մի քանի տներ։ Այս բոլորն արդեն ներկայացրել ենք մարզպետարանին, սպասում ենք, թե հանձնաժողովն ինչ աշխատանքներ կտանի»։

Նա նաև տխրությամբ նկատեց, որ ադրբեջանական կողմի հետ բանակցելու և դրանք վերադարձնելու մասին խոսք չկա այս պահին, ինքը համենայնդեպս տեղեկություն չունի։ «Մինչ այս եղած դեպքերում դիմել ենք նաև ՌԴ սահմանապահ ծառայությանը, սակայն ոչ մի արդյունք չի եղել։ Այնպես որ, ոչխարները վերադարձնելու հույս չկա։ Մեզ մնում է սպասել, տեսնել՝ պետությունը ինչ չափով կօգնի»,- ամփոփեց նա:

Թամարա Ղազարյան