Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավորները պետք է մատչելի լեզվով ներկայացնեն իրենց վճիռները, ազատ շփվեն լրագրողների հետ. շվեդ փորձագետները Հայաստանում Շվեդիայի փորձն են ուզում ներդնել

Դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացման առաջին քայլերից մեկը դատավորի ու լրագրողի անմիջական շփումն ապահովելն է։ Շվեդիայից Հայաստան են ժամանել դատական համակարգի փորձագետներ։ 

Հայաստանի բարձրագույն դատական խորհուրդը, Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիան և Արդարադատության ակադեմիան միասին երկարամյա ծրագիր են իրականացնում, որի նպատակը լրատվամիջոցների և դատավորների միջև աշխատանքի բարելավումն է։ 

«Գաղտնիք չէ, որ դատարանների նկատմամբ վստահության պակաս կա, և այս ծրագրի միջոցով մենք կփորձենք բարձրացնել այս խնդիրը և կփորձենք հանրության շրջանում դատավորների նկատմամբ վստահությունը մեկ քայլ դեպի առաջ տանել»,-  ասում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։ 
Լիլիթ Շաբոյանի խոսքով՝ ծրագրով դատավորին հնարավորություն կտրվի վերջնական դատական ակտ կազմելուց հետո նաև մամուլի ասուլիսի կամ մամուլի հաղորդագրության միջոցով շփվել լրատվամիջոցների հետ և հանրությանը մատչելի լեզվով ներկայացնել, թե ինչու է հանգել այդ որոշմանը. «Սա արվում է, որպեսզի ներկայացվի իրականությունը, թե ինչպես դատավորը հանգեց այդ որոշմանը, որոնք էին հիմքերը, ինչ փաստական տվյալներ ուներ իր ձեռքի տակ։ Հետագայի համար լավագույն տարբերակը,  որը մտածում ենք, առանձին դատարաններում մամուլի պատասխանատուներ նշանակելն է, որպեսզի հեշտանա և լրատվամիջոցների աշխատանքը, և դատարանները կարողանան իրենց աշխատանքն այնպես համակարգել, որ հանրությանը ավելի հասանելի լինեն»։

Ծրագիրը կգործի երկու տարի՝ հետագայում երկարաձգելու հնարավորությամբ։ Շվեդիայից եկած փորձագետներն աշխատելու են ինչպես մեր դատարանների դատավորների, այնպես էլ լրագրողների հետ՝ ներկայացնելու են ինչպես առանձնացնել կարևոր ինֆորմացիան անկարևորից։ Դատավորը ամբողջական ակտը, դատական տեղեկատվական համակարգում տեղադրելուց բացի, կկարողանա նաև պարզ լեզվով ներկայացնել հանրությանը։

Շվեդ փոձագետների հետ աշխատելու համար փորձնական տարբերակով 2 դատարաններից են դատավորներ ընտրվել՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրից և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից։
Արդյոք միայն լրատվամիջոցների հետ աշխատանքի խթանմամբ հնարավո՞ր է ապահովել դատարանների հանդեպ վստահության բարձրացումը, թե՞ կառավարությունը այլ հանձնառություն պետք է ունենա այս հարցում՝ ծրագրի ղեկավարը ծրագրով նախատեսված երկու բաղադրիչ է առանձնացնում։ 

«ԶԼՄ-ների հետ աշխատանքը մեր ծրագրի միայն մեկ բաղադրիչն է կազմում, և այս մասով մենք փորձում ենք դատավորների հետ բարելավել աշխատանքը և փորձել ավելի լավ միջավայր ստեղծել նրանց աշխատանքի համար։ Երկրորդ մասով շեշտադրում ենք հաղորդակցությունը, և ցանկացած անձ, ով այցելում է դատարան, պետք է զգա, որ իր ձայնը լսելի է,  և ինքը պաշտպանված է զգում իրեն դատարանում»,- ներկայացնում է շվեդ իրավախորհրդատու, ծրագրի ղեկավար Լյուդվիգ Բեքինգը։

Հայաստանի օրենսդրության մեջ փոփոխություններ անելն այս ծրագրով նախատեսված չէ, սակայն շվեդ փորձագետները, ուսումնասիրելով Հայաստանի դատական համակարգը, փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ կներկայացնեն Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդին։  

Թե ինչու են Հայաստանի դատավորները իրենց կայացրած դատական ակտերի վերաբերյալ հարցազրույցներ տալուց կաշկանդվում, պասիվ լինում լրագրողների հետ անմիջական շփումից, դատավոր Դանիել Մխեյանի խոսքով՝ ոչ թե կաշկանդվում են, այլ օրենսդրական սահմանում կա այդ հարցում՝ ԲԴԽ-ն է սահմանում դատավորների շփումը լրագրողների հետ. «Դատարանի աշխատանքն առանձնահատուկ է, աշխատանքն այնպիսին է, որ դատական ակտերի միջոցով է արտահայտվում, և դատական ակտերը հրապարակվում են, այսինքն՝ մարդիկ հնարավորություն ունեն ծանոթանալու դատարանի աշխատանքին հենց իր իսկ դատական ակտերի միջոցով, որոնք որ կայացվել են գործընթացի շրջանակներում։ Ես դա կաշկանդվածություն չէի անվանի, ուղղակի լրագրողական համայնքի հետ լայն շփում առկա չէ»։ 

Դատավորների կողմից մամուլի ասուլիսներին մասնակցելը դատավոր Դանիել Մխեյանն արդարացված չի համարում։ Նրա խոսքով՝ գործերի ճնշող մեծամասնությունը դռնբաց դատական նիստերով է ընթանում, և լրագրողների նկատմամբ ներկա լինելու սահմանափակում չկա, դատական ակտերն էլ ձայնագրվում ու արձանագրվում են։ Նրա խոսքով՝ դատական ակտի ցանկացած լրացուցիչ պարզաբանում կարող է կողմերի մեջ առաջացնել մտայնություն, որ կարող էր ավելի շատ ինֆորմացիա լինել դատական ակտում, որը ենթադրաբար չկա. «Առանձնահատուկ որևէ մեկնաբանություն անելու կամ շփում ապահովելու անհրաժեշտություն ես ուղղակի չեմ տեսնում։ Կարևոր սկզբունք էլ այն է, որ դատական ակտը չպետք է լրացուցիչ պարզաբանվի։ Եթե դատական ակտը հրապարակվել է, նշանակում է՝ դատավորի դիրքորոշումն արդեն իսկ արտահայտված է»։ 

Հոկտեմբեր ամսին ակնկալվում է հայ դատավորների այց Շվեդիա։ Շվեդիայի ավագ դատավոր Պատրիկ Ալմը կարծում է, որ թեպետ անհրաժեշտ տեղեկատվությունը պետք է լրացվի դատավճռում, որքան էլ այն ծավալուն լինի, այնուամենայնիվ եթե հնարավոր է պարզ լեզվով ներկայացնել դատավճիռը, այդ տարբերակը նույնպես պետք է առկա լինի։ Շվեդ դատավորի խոսքով՝ ինքն այնպես է կազմում վճիռները, որ նույնիսկ 14-15 տարեկան երեխայի համար հասկանալի լինի այն։

«Նախկինում մեզ մոտ՝ Շվեդիայում, նույն իրավիճակն էր, և դատավորները չէին ցանկանում խոսել լրագրողների հետ դատական գործերի պարզաբանման վերաբերյալ, բայց այդ իրավիճակը փոխվեց։ Հաշվի առնելով լրագրողների այն միտքը, որ ցանկանում էին առաջին աղբյուրից՝ հենց դատավորից վերցնել տեղեկատվությունը, հիմա այդ տեղեկատվությունը տրամադրվում է նրանց, կարող է տրամադրվել դատավորի կողմից կամ էլ այն անձանց կողմից, ովքեր պատասխանատու են այդ ինֆորմացիան տրամադրելու»,- ասում է Շվեդիայի ավագ դատավոր Պատրիկ Ալմը։  

Պատրիկ Ալմը վստահեցնում է՝ Շվեդիայում իրենք, որպես դատավոր, ազատ են հարցազրույցներ տալ լրագրողներին, սակայն փորձում են բանավեճի մեջ չմտնել լրագրողների հետ։ 

Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագիրը կրում է «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» խորագիրը։ 


Նարա Մարտիրոսյան