Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ քաղաքացիների մուտքը Վրաստան ավելացել է, ելքը՝ նվազել. ՆԳՆ

ՌԴ քաղաքացիների մուտքը Վրաստան ավելացել է, ելքը՝ նվազել. ՆԳՆ
Հասարակություն
21:58, 27 сентябрь 2022
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) վիճակագրություն է հրապարակել վրաց-ռուսական սահմանին Ռուսաստանից Վրաստան մուտք գործող անձանց թվի վերաբերյալ։

Aliq Media-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ-ն նշում է, որ հանրային մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով՝ ցանկանում են հանրությանը տրամադրել տեղեկատվություն Ռուսաստանի Դաշնությունից քաղաքացիների մուտքը Վրաստան մերժելու չափորոշիչի, թվի, հիմքերի ու կանոնների մասին։

Ըստ նրանց, այս տարվա սեպտեմբերի 21-ից հետո Վրաստանի և Ռուսաստանի սահմանին ավելացել է Ռուսաստանից ժամանողների թիվը։ ՆԳՆ-ն ներկայացրել է բոլոր անցակետերով Վրաստան մտնելու և Վրաստանից դուրս գալու վերջին 10 օրվա տվյալները.
  • սեպտեմբերի 17-ից 26-ը Վրաստան մուտք է գործել 78 հազար 742 ՌԴ քաղաքացի,
  • սեպտեմբերի 17-ից 26-ը Վրաստանը լքել է 62 հազար 120 ՌԴ քաղաքացի:
«Ռուսաստանի Դաշնությունից ավելացած հոսքն արդյունավետ կառավարելու նպատակով «Դարիալ» անցակետում լրացուցիչ տեղակայվում են ոստիկանական խմբեր՝ ինչպես սահմանային ներգաղթի վերահսկման ընթացակարգեր իրականացնելու, այնպես էլ կետին հարող տարածքում՝ հասարակական կարգի ապահովումը և օրենքի հնարավոր խախտումների կանխումը:

Բացի դրանից՝ սահմանային անցակետում մշտապես գտնվում է պետական պահպանության ծառայության համապատասխան ստորաբաժանումը՝ անվտանգությունն ապահովելու և ռիսկերը բացահայտելու նպատակով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
ՆԳՆ-ի փոխանցմամբ, սահմանային հսկողության ընթացակարգերն իրականացվում են հատուկ դիտարկմամբ՝ Վրաստանի գործող օրենսդրությանը լիովին համապատասխան.

«Վերջին շրջանում ավելացել է այն քաղաքացիների թիվը, որոնց թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստանի տարածք՝ օրենսդրությամբ նախատեսված պատճառներով։ Ըստ այդմ, ավելի հաճախ են հարցեր տալիս ընդունելության կանոնների և մերժման պատճառների մասին»: