Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թոռներիս հետ դուրս եկա տանից և 10 մետր հեռանալուց հետո տեսա, թե ինչպես 2 արկ ընկավ տանս մեջ․ Սոթքի բնակիչները՝ ռմբակոծության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ավելի քան 45  ներկայացուցիչներ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, Գեղարքունիքի Մարզպետ Կարեն Սարգսյանի և ՀՀ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ բնակավայրեր։

Դիվանագետներին տեղում ներկայացվել են սեպտեմբերի 13-ին և 14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքները։ 
Մարզպետը դիվանագետներին տեղեկացրել է, որ Սոթքում 148 բնակարան է վնասվել, Կութում՝ 12,  Վերին Շորժայում՝ 2: Սոթքում 7 տուն ավերված է ամբողջությամբ, և կա նորի կառուցման խնդիր։ Իսկ առաջիկա օրերին արդեն կլինեն  փոխանցումները բնակիչներին, որ սկսեն իրենց բնակարանների վերականգնման աշխատանքները: Մարզպետը նաև տեղեկացրել է, որ ադրբեջանական զինուժի կողմից թիրախվորվել են նաև դպրոցները և մանկապարտեզները, և այս պահին 12 դպրոցներում դեռևս դասապրոցես չի իրականացվում՝ անվտանգության խնդիրները հաշվի առնելով։  
Մարզպետը դիվանագետներին ցույց է տվել նաև այն հատվածը, որտեղ իրեն և տեղական ու միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչներին են թիրախավորել և այդ ուղղությամբ կրակ են բացել։

Վերոնշյալ բնակավայրերում, տներից բացի, վնասվել են նաև գազատար խողովակները և հոսանքի լարերը, երեկվա դրությամբ բնակավայրերի գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ 

Civic.am-ի թղթակիցը զրուցել է նաև Սոթքի բնակիչների հետ։ Նրանք պատմել են, որ իրենց գյուղը շատ ինտենսիվ հրետակոծության է ենթարկվել, և բնակիչների շրջանում միայն հրաշքով է՝ զոհեր չեն եղել։
 
Սարգիս Հարությունյանը պատմել է, որ իր տուն ընկած արկի պայթյունից այրվածքներ է ստացել, բայց բարեբախտաբար, դրանք ծանր վնասվածքներ չեն եղել։ Ընտանիքի մյուս անդամները չեն տուժել։ Նա կնոջ հետ մնում է գյուղում՝ իր կիսավեր տան մեջ, և չի պատրաստվում որևէ տեղ գնալ։ 

«Կենդանիները, տեխնիկաս էստեղ է, ուր թողնենք գնանք։ Ես ու կինս ենք մնում տանը, թոռներս մյուս տատիկի տանն են մնում։ Երեք թոռներս դպրոցական են»,- ասել է Սարգիս Հարությունյանը։ 

Գյուղի մեկ այլ բնակիչ Վալերի Պողոսյանի տան կողքին ընկած արկի պայթյունից տունը վնասվել է։ Նա ևս  տան մի անկյունը մաքրել է և  մնում է ավերված տան մեջ։

«Ընտանիքս հիմա ռայոն է տեղափոխվել, բայց չգիտեմ՝ ամիսը 40 000 դրամ ոնց եմ տան վարձ տալու։ Կովեր ունեմ, ուր գնամ, եկել են գնահատել վնասները, բայց դեռ չգիտենք՝ ինչ կլինի»,- ասել է Վալերի Պողոսյանը։
Դերենիկ Ոսկանյանն էլ գյուղի ռմբակոծման ժամանակ քնած է եղել, բայց երբ լսել է  պայթյունների ձայները, անմիջապես տան անդամներին արթնացրել է ու դուրս են եկել տնից։ 

«Քնած էի, երբ լսեցի պայթյունի ձայնը, պայթյունց հետո ընտանիքով դուրս ենք եկել։ Այդ պահին անմիջապես թոռներիս գյուղից հեռացրի ավելի անվտանգ տեղ, իսկ ընտանիքի մնացած անդամները տեղում են, տնից չենք դուրս եկել։ Ունեմ տնտեսություն, անասուններ, տեխնիկա»,- ասաց Դերենիկ Ոսկանյանը։

Իսկ Սուրիկ Մարտիրոսյանի տան վրա ընկած արկի պայթյունից վերջինիս տունն ամբողջությամբ ավերվել է։  Հենց գյուղի ռմբակոծությունը սկսվել է,  նա անմիջապես երկու թոռների հետ դուրս է եկել տնից և ընդամենը 10 մետր հեռանալուց հետո տեսել է, թե ինչպես է երկու արկ ընկել իր տան մեջ։

Ինչպես մեզ փոխանցեցին բնակիչները՝ այս պահին Սոթքում և Կութում երեխաներ չկան, նրանք գտնվում են առավել անվտանգ վայրերում, սակայն գյուղի մյուս բնակիչները հետ են վերադառնում։ 
Ավերված տների բնակիչներն ասացին, որ համապատասխան մարմիններից եկել իրենց հետ խոսել են, կարիքների գնահատում են արել և սպասում են, թե երբ կլինեն փոխանցումները։

Մանրամասները՝ տեսանյութում։
Լիլիթ Թադևոսյան