Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքուն Երևանին առաջարկել է սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին

Բաքուն Երևանին առաջարկել է սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին
Հասարակություն
10:18, 03 октябрь 2022
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կիրակի օրը Ժնևում հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն առաջարկել է սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի երրորդ նիստն անցկացնել 2022 թվականի հոկտեմբերին, այլ ոչ թե նոյեմբերին, ինչպես ի սկզբանե նախատեսված էր։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

«Բայրամովը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ հետկոնֆլիկտային փուլում կարևոր է ջանքերը կենտրոնացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման վրա: Հաշվի առնելով չդելիմիտացված սահմանի վրա լարվածությունը՝ Ադրբեջանի կողմից առաջարկվել է նաև դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել ոչ թե նոյեմբերին, ինչպես համաձայնեցված էր ավելի վաղ, այլ ընթացիկ տարվա հոկտեմբերին»,- հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ 

Պայմանավորվածությունների համաձայն՝ հանձնաժողովի նիստը պետք է անցկացվի Բրյուսելում։
Հանդիպմանը Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերման, նախնական պայմանավորվածությունների հիման վրա տրանսպորտային ու հաղորդակցության ուղիների շուտափույթ բացման և դելիմիտացիայի ուղղությամբ աշխատանքներում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը։ 
Նա վերահաստատել է խաղաղության պայմանագիր ստորագրելու Բաքվի պատրաստակամությունը։

«Նախարարների կողմից պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումներն այս ուղղությամբ»,- ընդգծում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։