Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փորձ է արվել ՀՀ-ից ՌԴ արտահանել ծխախոտային մեծ խմբաքանակ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանով ներմուծվող և արտահանվող ապրանքների օրինականության նկատմամբ։

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ  ձեռնարկված միջոցառման արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ քաղաքացի Ռ.Մ-ն պատրաստվում է մաքսային հսկողությունից թաքցնելու կամ ապրանքները ոչ իրենց անվամբ հայտարարագրելու եղանակով ՀՀ-ից ՌԴ արտահանել ծխախոտային մեծ քանակի արտադրանք։

Ստացված օպերատիվ տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել ՀՀ-ից ՌԴ  ուղևորվող, տվյալ  քաղաքացու կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերել են չհայտարարագրված և առանց ակցիզային դրոշմանիշերի ընդհանուր թվով 199 հազար տուփ ծխախոտ։ 

Իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նախապես հայտարարագրման է ներկայացրել 8 տոննա 240 կգ համաքաշով քարեր, որից հետո  ավարտելով ապրանքների հայտարարագրման գործընթացը՝ ուղևորվել է դեպի սահմանային անցակետ՝ դրանք ՌԴ արտահանելու նպատակով: Վերջինս, սակայն, մինչև սահմանային կետ հասնելն առանց մաքսային մարմնի թույլտվության բացել է բեռնատարի դռները և հայտարարագրված քարերի մի մասը բեռնաթափել՝ դրանց փոխարեն բեռնելով  շուրջ 4.630  կգ քաշով՝ թվով 199 հազար տուփ չհայտարարագրված և առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ։
Փաստի առթիվ, ՀՀ մաքսային օրենսգրքի 196-րդ, 197-րդ, 198-րդ և 203-րդ հոդվածների իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են  ՊԵԿ իրավաբանական վարչություն: