Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Լանջիկ գյուղի մանկապարտեզի պաշտոնական բացման արարողությանը.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շիրակի մարզի Լանջիկ գյուղում այսօր շահագործման է հանձնվել «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապերտեզի»-ի շենքը, որի բացման պաշտոնական արարողությանն է մասնակցել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Աննա Հակոբյանին դիմավորել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Վերջինս տիկին Հակոբյանին տեղեկացրել է, որ շենքը կառուցվել է «Hilfe fuer Armenian» հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը գործում է 1988 թվականից։

Մինչ պաշտոնական արարողության մեկնարկը՝  ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը։

Միջոցառմանը ներկա են գտնվել հիմնադրամի նախագահ Զենո Գեյսելերը,  բարերարներ Մայք և Ռոմի Բարոնյանները, Ջիուզեպպե Պինո Չիաչիոն, ով մեծ ներդրում ունի շենքի  կառուցման գործում և հենց այդ պատճառով էլ մանկապարտեզը անվանակոչվել է նրա անունով։ Մասնակցել են նաև  պաշտոնատար այլ անձինք։

Նազելի Բաղդասարյանն, իր գոհունակությունը հայտնելով բարերարներին, նշել է, որ նրանք պատրաստակամություն են հայտնել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրենց մասնակցությունն ունենալ մարզում ևս մեկ մանկապարտեզի կառուցման գործին` միանալով պետության 500 մանկապարտեզ կառուցելու հանձնառությանը:

Համայնքի հին մանկապարտեզը երբևէ սեփական շենք չի ունեցել, 44 տարի գործել է տարբեր հասցեներում: 2020թ-ին վերջապես հիմք է դրվել նոր շենքի կառուցմանը: 300 քառ. մ. տարածք ունեցող մանկապարտեզը նախատեսված է 3-5 տարեկան 30 երեխայի համար: Կառուցվել է եվրոպական չափորոշիչներին համապատասխան՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով: