Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի սպանության փորձի քրգործով 2 անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացվել

Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի սպանության փորձի քրգործով 2 անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացվել
Հասարակություն / Իրավունք
19:24, 14 апрель 2021
2 անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացվել դեպքի վայրից իրեղեն ապացույց հանդիսացող ավտոմեքենան առանց թույլտվության, ոստիկանության աշխատակիցների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքով դուրս բերելու և դրան դրդելու դեպքերի առթիվ քննված քրեական գործով. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես, 2019թ․ օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղու 15 կմ հատվածում եղբոր' Մելիք Մանուկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձից հետո, դեպքի վայր հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածքից հանցագործության հետքեր կրող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ, առանց դեպքի վայրի զննությունն իրականացնող քննիչի, դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշատակիցների թույլտվության, Ռոբերտ Մանուկյանը մուտք է գործել դեպքի վայր հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածք: Այնտեղ հիշյալ ավտոմեքենան տեղափոխելու հարցի վերաբերյալ վիճաբանության մեջ է մտել քննիչի և դեպքի վայրի տարածքի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ եղբոր հիշյալ ավտոմեքենան պետք է տեղափոխի իր նախընտրած տարածք։ Ապա չենթարկվելով նման վարքագիծը դադարեցնելուն ուղղված' դեպքի վայրի պահպանություն իրականացնող ոստիկանների և քննիչի հորդորներին' դեպքի վայրի զննության մասնակից, եղբոր' Մելիք Մանուկյանի անվտանգության աշխատակից Մարկոս Մարկոսյանին կարգադրել է «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել դեպքի վայրից:

Մարկոս Մարկոսյանը, Ռոբերտ Մանուկյանի դրդմամբ, գործի է դրել ավտոմեքենան և վարելու ընթացքում դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության սպառնալիքի  գործադրմամբ, հատել է դեպքի վայրի սահմանազատման համար ամրացված ժապավենը, ավտոմեքենան դուրս բերել դեպքի վայրից ու հեռացել: 

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 332-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել են քրեական գործեր, որոնք ՀՀ ՀՔԾ-ում միացվել և քննվել են մեկ վարույթում։ 

Վերոնշյալ արարքները կատարելու համար Մ․ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ռոբերտ Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով։ 

2019թ. նոյեմբերի 15-ին դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ըստ մեղադրանքի նշված երկու անձի, ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատական քննության արդյունքում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021թ. ապրիլի 12-ի դատավճռով ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրվող արարքներում։ Մարկոս Մարկոսյանը դատապարտվել է տուգանքի՝ ընդհանուր 500.000 ՀՀ դրամի չափով, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ՝ դատավճռով նրա նկատմամբ նշանակված պատիժը մեղմացվել է և վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 400.000 ՀՀ դրամի չափով:
Նույն դատավճռով Ռոբերտ Մանուկյանը դատապարտվել տուգանքի՝ 300.000 ՀՀ դրամի չափով, նրա նկատմամբ նշանակված պատիժը նույն հիմքով ևս մեղմացվել է, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 250.000 ՀՀ դրամի չափով:

Նկատի ունենալով, որ դատարանի կողմից ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը չի համապատասխանում հանցանքի բնույթին և վտանգավորության աստիճանին՝ դատախազության կողմից դատավճռի դեմ ներկայացվելու է վերաքննիչի բողոք։