Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք լավ ուսուցչին ենք պարտական ոչ միայն գիտելիքով զինված աշակերտի, այլև վաղվա գիտակից քաղաքացու․ Վահրամ Դումանյանի ուղերձը

Մենք լավ ուսուցչին ենք պարտական ոչ միայն գիտելիքով զինված աշակերտի, այլև վաղվա գիտակից քաղաքացու․ Վահրամ Դումանյանի ուղերձը
Հասարակություն
11:23, 05 октябрь 2022
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի  օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Խոնարհումով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ:

Մենք դժվարին օրեր ենք ապրում, որտեղ յուրաքանչյուրիս դերն ու առաքելությունը կրկնակի կարևոր են, ձերը՝ առավել քան: Եվ շնորհակալ եմ հատկապես այս օրերին ձեր աշխատանքը պատվով իրականացնելու և առկա մարտահրավերներին դիմակայելու համար:

Մենք լավ ուսուցչին ենք պարտական ոչ միայն գիտելիքով զինված աշակերտի, այլև վաղվա գիտակից քաղաքացու, անմնացորդ հայրենասերի, երջանիկ անհատի, առողջ հասարակության, զարգացող և ուժեղ պետության կայացման համար:

Մշտապես ձգտե՛ք կատարելագործման՝ օր օրի ավելին անելու և արդյունքը բազմապատկելու ճանապարհով. ձեր դերն անգնահատելի է, առաքելությունը՝ սրբազան, քանի որ դուք ապագայի կերտման առաջամարտիկներն եք:

Վստա՛հ եղեք, ՀՀ կառավարությունը յուրաքանչյուրիդ կողքին է ու աջակիցը, և յուրաքանչյուր բարեփոխում միտված է բարելավելու ձեր աշխատանքային գործունեությունն ու կրթական ոլորտը և լուծելու առկա խնդիրները:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ամուր կամք ու անսպառ եռանդ: Ձեր պատասխանատու գործում սերը թող բազմապատկվի և վարակի նաև ձեր աշակերտներին»: