Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Խաչքարերի պուրակում» հուշարձան կտեղադրվի՝ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերություններին ու Հռոմի Սրբազան Քահանայապետի այցին նվիրված

«Խաչքարերի պուրակում» հուշարձան կտեղադրվի՝ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերություններին ու Հռոմի Սրբազան Քահանայապետի այցին նվիրված
Հասարակություն
16:24, 15 октябрь 2022
Երևանի ավագանին հոկտեմբերի 18-ին որոշում կընդունի Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության Հրապարակ կայարանի հարակից տարածքում՝ «Խաչքարերի պուրակում» Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա և Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Բ-ի Հայաստան այցելության 20-ամյա հոբելյաններին նվիրված հուշարձանի (խաչքարի) տեղադրմանը համաձայնություն տալու մասին։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված ՀՀ արտաքին գործերի նախարարության 18.02.2022թ. հ. 1101/6980-22 գրությունը, որով ներկայացվում է հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հ. Բոյաջյանի առաջարկությունը՝ Երևան քաղաքում ի նշանավորումն Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա և Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Բ-ի Հայաստան այցելության 20-ամյա հոբելյանների՝ հուշարձան (խաչքար) տեղադրելու վերաբերյալ:

2001 թ.-ի սեպտեմբերի 25-27-ը՝ Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված տոնակատարություններին Հովհաննես Պողոս Երկրորդի մասնակցությունը բացառիկ էր, քանի որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստան էր այցելում Կաթոլիկ Քահանայապետը։ Այցի ընթացքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հովհաննես-Պողոս Երկրորդի կողմից անցկացվեց էկումենիկ արարողություն։ Հռոմի Սրբազան Քահանայապետ Հովհաննես-Պողոս Երկրորդը լեհ ժողովրդի համար առանձնահատուկ հեղինակություն և համբավ վայելող գործիչների թվում է։ Նկատի առնելով վերոգրյալ հանգամանքները, ինչպես նաև այն, որ 2022 թ.-ին Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է, տեղադրվող հուշարձան-խաչքարը կհանդիսանա հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունը հավերժացնող խորհրդանշական կոթող։

Հուշարձանի տեղադրման նախաձեռնությանն աջակցելու իր պատրաստակամությունն է հայտնել Լեհաստանի Հանրապետության վարչապետի գրասենյակը:

Հուշարձանի պատրաստման, տեղափոխման և տեղադրման հետ կապված ծախսերը հոգում է հայ-լեհական հասարակական կոմիտեն: