Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղարքունիքի մարզպետը ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքները

Գեղարքունիքի մարզպետը ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքները
Հասարակություն
20:42, 18 октябрь 2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հոկտեմբերի 18 ընդունեց ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։  
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցեցին նաեւ ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի եւ մարզպետարանի ներկայացուցիչներ։

Ողջունելով առաքելության այցը եւ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին՝ մարզպետը ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի թողած հետեւանքները Գեղարքունիքի մարզի բնակավայրերում։

ԵՄ տեխնիկական առաքելության պատվիրակության ղեկավար Ջան Փլեսինջերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրեց իրենց առաքելության հիմնական նպատակները, որոնք երկուսն են․դիտորդություն իրականացնել, թե ինչպես են երկու կողմերը պահպանում հրադադարի ռեժիմը եւ աջակցել սահմանային հանձնաժողովների գործունեությանը։

Սա քաղաքացիական առաքելություն է, եւ նպատակն է դիտորդություն իրականացնել ու պարբերաբար ներկայացնել համապատասխան զեկույցներ` կապված տվյալ իրավիճակի հետ։

Առաքելության ծավալը լինելու է մինչեւ 40 փորձագետի ընդգրկվածություն` երկու ամիս ժամանակաշրջանով։

Գեղարքունիքի մարզպետը ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին հավաստիացրեց, որ պատրաստակամ են անմիջական կապ ապահովել առաքելության ներկայացուցիչների հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում քննարկվեն քայլերի հնարավորությունները եւ հետագա անելիքները։

Այնուհետ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը՝ կարեւորելով ԵՄ պատվիրակության առաքելությունը և նշելով, որ այն հնարավորություն կտա օբյեկտիվ գնահատել հրադադարի խախտման դեպքերը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ԵՄ առաքելության գործունեության տեխնիկական եւ կազմակերպչական հարցեր։