Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում կբարձրացվի պայմանագրային զինծառայության ու պահեստազորի տարիքային շեմը

Արցախում կբարձրացվի պայմանագրային զինծառայության ու պահեստազորի տարիքային շեմը
Հասարակություն
22:57, 16 апрель 2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, ապրիլի 16-ի արտահերթ նիստում քննարկել և միաձայն կողմ է քվեարկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին:

Ըստ օրենքի փոփոխության՝ Արցախի Հանրապետության զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու հնարավորություն կտրվի նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 55 տարեկան, պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիներին և իգական սեռի քաղաքացիներին՝ անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից:

Մեկ այլ փոփոխությամբ, առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու տարիքային սահմանաչափը՝ շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար սահմանել՝ 45 տարեկանի փոխարեն՝ 55 տարեկան, կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 48 տարեկանի փոխարեն՝ 57, ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 50 տարեկանի փոխարեն՝ 59, ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող զինծառայողների համար՝ մինչև 55 տարեկանի փոխարեն՝ 61, բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 60 տարեկանի փոխարեն՝ 63. իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ սահմանային տարիքը թողնել անփոփոխ (65 տարեկան):