Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շատ խիստ հայր էր, ինչի համար ես երախտապարտ եմ իրեն, և խորհուրդ եմ տալիս բոլորին. Նարեկ Դուրյանը՝ Օհան Դուրյանի մասին․ տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Լրագրողների հետ զրույցում Օհան Դուրյանի որդին՝ Նարեկ Դուրյանը, ասաց, որ հուզված է նախ՝ որպես որդի, որի հոր արձանը տեղադրվում է, հուզված է՝ որպես համեստ արվեստագետ, որ այսպիսի մեծության արձան է տեղադրվում իր քաղաքում, այս հրապարակում, այս կաբինետի կողքին՝ մատնացույց անելով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի պատուհաններից մեկը, որը նայում է ուղիղ նոր տեղադրված Օհան Դուրյանի արձանին։ 

«Մենք բոլորս գնալու ենք, այսօրվա երևույթի մեծությունն այն է, որ քաղաքն իր պատմությունով մնալու է։ Իսկ մեծերի արձանները մեր պատմության անբաժանելի մասնիկն են կազմում։ Եվ այդ առումով պատիվ ունեմ, որ իմ հայրն արդեն այդ ձևով մտավ քաղաքի, Հայաստանի պատմության մեջ»,- ասաց Նարեկ Դուրյանը։

Խոսելով նաև այն մասին, թե ինչպիսի հայր է եղել Օհան Դուրյանը, Նարեկ Դուրյանն ասաց, որ շատ խիստ հայր էր, բայց ինքը սարսափելի պաշտում էր հորը՝ այդ խստության համար։ 

«Չարությունները ներում էր, ծիծաղում էր, անպատասխանատվություն, ուշացում, խաբել, չանել չէր ներում։ Շատ խիստ էր, բայց ինքը գիտեր՝ ինչի համար էր խիստ։ Նա գիտեր, որ երեխան մանկություն ունի, և այդ մանկությունը չպիտի կոտրես, բայց այդ մանկության մեջ բաներ կան, որոնք այդ ժամանակից պիտի հղկվեն։ Շատ խիստ հայր էր, ինչի համար ես շատ շնորհակալ եմ և երախտապարտ, և խորհուրդ եմ տալիս բոլորին»,- ասաց Նարեկ Դուրյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան