Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանի կողմից փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելը ապատեղեկատվություն է

Դատարանի կողմից փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելը ապատեղեկատվություն է
Հասարակություն / Իրավունք
11:48, 09 ноябрь 2022
Շփոթմունքի կամ դիտավորության արդյունքում զանգվածային լրատվության միջոցներում և սոցցանցերում լուրեր են տարածվում, թե փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքի երկարաձգման միջնորդությունն է մերժվել, հետևապես փաստաբան Է.Ա.-ն ազատ է արձակվելու․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Գլխավոր դատախազությունը հարկ է համարում տեղեկացնել, որ փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանի՝ նախօրեին «Facebook» սոցիալական ցանցում արված գրառումը վերաբերում է մեկ այլ քրեական վարույթի շրջանակում մեկ այլ անձի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելու մասին որոշմանը:

Նշված գործով Է.Ա.-ն հանդիսացել է պաշտպան և այն որևէ առնչություն չունի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 19-ի որոշման հետ, որով բավարարվել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, և փաստաբան Է.Ա.-ի նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառվել է երկու ամիս ժամկետով»,- ասված է հաղորդագրությունում։

ՀԻշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, ըստ որի՝ մի շարք աղմկահարույց քաղաքական գործերով հայտնի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ կարձակվի։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրա փաստաբանական գրծունեության գործառույթներին։։

Նույն գործով անցնում է նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նույնպես ներկայում կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրան աջակցելու համար: