Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեմզաշեն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Պեմզաշեն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հասարակություն
21:16, 09 ноябрь 2022
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Պեմզաշեն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Պեմզաշեն գյուղի 1-ին փողոցի 10-րդ տան բնակիչների՝ դռան թակոցներին  և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ  հաղորդումը ստացվել է 2022թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:28-ին: 

Անմիջապես հիշյալ հասցե է մեկնել օպերատիվ խումբը և բացելով տան դուռը՝ ննջասենյակում հայտնաբերել նշված տան բնակիչների՝ 1991թ. ծնված կնոջ և վերջինիս՝ 07.12.2010թ. ծնված դստեր և 12.06.2014թ. ծնված որդու դիերը՝  կտրած-ծակած վնասվածքներով:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որի շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային անհետաձգելի և մեծածավալ գործողություններ: 

Մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տուժողների մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ:  
Ձեռնարկվում են միջոցառոմներ՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձի ինքնությունը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ։ Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: