Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտում առաջիկա երկու տարվա ընթացքում ավելի քան 1000 բնակարան կշահագործվի. Արայիկ Հարությունյան

Ստեփանակերտում առաջիկա երկու տարվա ընթացքում ավելի քան 1000 բնակարան կշահագործվի. Արայիկ Հարությունյան
Հասարակություն
22:39, 19 апрель 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 19-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի շինարարական հրապարակներ, ծանոթացել նոր բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներին:
Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը մասնակցել է Թումանյան փողոցի վրա նոր 157 բնակարանանոց շենքի հիմնարկեքին, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2 տարվա ընթացքում:


Նույն ժամկետում կավարտվի Արցախ թաղամասում կառուցվող 191 բնակարանանոց համալիրի, Կնունյանցների փողոցում 70 բնակարանանոց շենքի, Վարդան Մամիկոնյան փողոցի վրա 171 բնակարանով բազմահարկի, Տիգրան Մեծ փողոցի վրա կառուցվելիք նոր թաղամասում՝ 218 բնակարանների շինարարությունը: Նախագահ Հարությունյանը քաղաքաշինության նախարարի, Ստեփանակերտի քաղաքապետի և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղում քննարկել է աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր, տվել հանձնարարականներ՝ ուղղված աշխատանքները նախանշված ժամկետներում ավարտելուն:

«Մայրաքաղաքում իրականացվող բնակարանաշինական ծրագրերի հիմնական շահառուները տեղահանված Շուշի և Հադրութ քաղաքների բնակիչներն են, ինչպես նաև սոցիալական մի շարք խմբեր: Խնդիրը օր առաջ նրանց բնակարանով ապահովելն է»,- ասել է նախագահը:

ԱՀ նախագահի աշխատակազմից նաև հայտնում են՝ Ստեփանակերտում բնակարանամուտի առաջին արարողությունները կլինեն մինչև տարեվերջ: Շինարարները նախագահ Հարությունյանին տեղեկացրել են, որ ամիսներ անց կհանձնեն Առաքելյան փողոցի վրա կառուցվող 59 բնակարանով շենքերը, Թումանյան փողոցի վրա գտնվող 108 բնակարանանոց շենքն ու Սպայական թաղամասի հարևանությամբ կառուցվող 153 բնակարանով նոր թաղամասը: