Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման. Զինծառայողների աշխատավարձերին առնչվող օրենքի նախագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ առաջարկվում է  պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։ 

Նախարարի խոսքով՝ ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով հինգ տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք։ Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել հինգ միլիոն դրամ, որն ազատորեն տնօրինվելու է։ «Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման՝ օրենքով սահմանված կարգով, և դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարը»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Նախարարի խոսքով՝ միաժամանակ, պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում, և զինծառայողն ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը։ 

Նախարարը տեղեկացրեց, որ ծրագրի ներդրմամբ նախատեսվում է դադարեցնել պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցնելու «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս ծառայությունը շարունակում են ընդամենը երկու զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին։ 

«Այդ նպատակով սահմանվում են նաև անցումային դրույթներ։ «Ես եմ» ծրագրով ծառայությունն անցած զինծառայողներին, ինչպես նաև 2020 թվականին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով  զոհված զինծառայողների ընտանիքներին  ծրագրով նախատեսված պատվովճարի գումարի հինգ միլիոն դրամ հատկացման և ազատ տնօրինման վերաբերյալ առանց կառավարության կողմից սահմանված ուղղությունների, այն է՝ ուսման վարձի փոխհատուցման, բնակարանի հիփոթեքային վարկավորմանն ուղղելու, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու ուղղություններ»,- հավելեց նախարարը։