Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտի բնակելի տան ուղղությամբ հակառակորդը կրակոց է արձակել, կրակոցներ են եղել նաև Շոշի և Մխիթարաշենի ուղղությամբ

Ստեփանակերտի բնակելի տան ուղղությամբ հակառակորդը կրակոց է արձակել, կրակոցներ են եղել նաև Շոշի և Մխիթարաշենի ուղղությամբ
Հասարակություն
22:19, 21 апрель 2021
Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը երեկ՝ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում, կրակոց է արձակել, գրում է hetq.am-ը:

Կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ:

Ստեփանակերտի Վ. Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը ծակվել է: Կարինե Մունչյանը «Հետք»-ին պատմել է, որ ինքը տանը չի եղել, տանն այդ ժամանակ ամուսինը՝ Խաչատուրն ու երկու երեխաներն են եղել: Խաչատուրը զինվորական է: Ընտանիքը մինչ պատերազմն ապրում էր Շուշիում: Պատերազմից հետո նրանք տեղափոխվել էին Ստեփանակերտ՝ վարձով ապրելու:

4 օր առաջ էլ նախկին հասցեից տեղափոխվել են Վաղարշյան փողոցի վրա գտնվող տուն: Երեխաները՝ Արմենն ու Աշոտը, այդ ժամանակ տանն են եղել: Աշոտն ասում է, որ հայրն ասել է՝ հակառակորդը կրակել է АК տեսակի զենքից: Կարինեի խոսքով` ռուս խաղաղապահներն ու ոստիկանության աշխատակիցներն այցելել են ընտանիքին, վերջիններս իրենց հետ տարել են նաև փամփուշտը: «Հետք»-ն այցելել է նաև Շոշ գյուղ, գյուղապետ Էրիկ Աբրահամյանը զրույցում հաստատել է, որ երեկ` ժամը 15:00-ի սահմաններում, երկու գյուղերում՝ Մխիթարաշեն ու Շոշ, կրակոցներ են լսվել մոտ 15-20 րոպե տևողությամբ:

Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշել է, որ Ստեփանակերտի Վաղարշյան հասցեի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքով տարվում է քննություն, այցելել են ոստիկանության ու ԱԻՊԾ աշխատակիցները: Շոշ և Մխիթարաշեն գյուղերի ուղղություններով արձակված կրակոցների վերաբերյալ քննություն չի տարվել, բայց բնակիչների շրջանում տարածված խոսակցությունների հիման վրա հնարավոր է, որ իրականացվի: Նրա խոսքով, վաղը՝ ապրիլի 22-ին, ոստիկանությունը հանդես կգա հայտարարությամբ:

Լուսանկարները՝ hetq.am-ի։