Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԶՊՄԿ-ն ֆինանսավորել է Ամուլսարի հանքի դեմ պայքարող ակտիվիստների. fip.am

ԶՊՄԿ-ն ֆինանսավորել է Ամուլսարի հանքի դեմ պայքարող ակտիվիստների. fip.am
Հասարակություն
20:20, 23 ноябрь 2022
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ տարիների ընթացքում բնապահպանական շարժում է ձևավորվել։ Հանքի բացման դեմ պայքարը վերսկսվեց 2018-2020 թվականներին։

Հանքավայրի շահագործման դեմ պայքարի արդյունքներից մեկն այն էր, որ կառավարությունը ստիպված եղավ վճարել մոտ 400 հազար դոլար և նոր փորձաքննություն պատվիրել, որպեսզի իրավական հիմք ունենան հանքի շահագործումն արգելելու համար։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ այդ բնապահպանական շարժման մասնակիցների մի մասը միջնորդավորված կերպով եկամուտ է ստացել երկրի խոշորագույն հանքարդյունաբերողից՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։ Նրանց թվում են դերասան Սերգեյ Դանիելյանը, բնապահպան Լևոն Գալստյանը, լրագրող Արման Սուլեյմանյանը, բնապահպան Սիլվա Ադամյանը և այլք: 

Այս հոդվածում ներկայացնում ենք մեր հայտնաբերած փաստերը ԶՊՄԿ-ից ֆինանսավորման մասին, ինչպես նաև՝ հիշյալ անձանցից որոշների մեկնաբանությունները հարցի վերաբերյալ:   

ԶՊՄԿ-ն ֆինանսավորում էր հանքի համասեփականատեր, Սյունիքի երբեմնի մարզպետ, ներկայիս «Հայաստան» խմբակցության ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի ղեկավարած «Հանրային դիվանագիտություն» բարեգործական կազմակերպությանը, որն էլ, իր հերթին, ֆինանսավորում էր ներքոհիշյալ մարդկանց։

Բարեգործական կազմակերպությունը ստեղծվել է 2014 թվականին։ Կազմակերպության նախագահն է եղել լրագրող Լիկա (Լիլիթ) Թումանյանը։ 2016 թվականից կազմակերպության նախագահ է դարձել Էլիզաբեթ Պետրոսյանը։

Նույն թվականին «Հանրային դիվանագիտություն» բարեգործական կազմակերպությունը հիմնադրում է լրատվական գործունեություն ծավալող PARA TV լրատվականը և սկսում ֆինանսավորել լրատվականի գործունեությունը։ Փաստացի, ԶՊՄԿ-ն սկսում է ֆինանսավորել PARA TV-ին։

PARA TV-ն Ամուլսարի հանքավայրի դեմ բնապահպանական շարժումը ամենաակտիվ կերպով լուսաբանող լրատվականներից մեկն էր։
Փաստացի, Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվ քաղաքացիների զգալի մասը այս կամ այն կերպ, այդ թվում՝ ֆինանսապես, կապված էր PARA TV-ի հետ։

Դա առավելապես տեսանելի է դառնում, երբ ուսումնասիրում ենք նրանց ֆեյսբուքյան էջերի գրառումները այն ժամանակահատվածում, երբ բողոքի ակցիաները բավական ակտիվ փուլում էին, ու հանրությանը հուզող կարևոր թեմաներից մեկը հենց Ամուլսարն էր։
Օրինակ, Արման Սուլեյմանյանն ու Սերգեյ Դանիելյանն այս լրատվականում վարում էին «Դժվար զրույց» հաղորդաշարը։

PARA TV-ն թողարկեց «Ամուլսար. պետության բնանտարբերությունը» ֆիլմը, որը պատրաստել էր Արման Սուլեյմանյանը։ Իսկ Սերգեյ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում ակտիվորեն պայքարում էր հանքի շահագործման դեմ, ուղիղ եթերներով հաճախ գտնվում էր հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների վրաններում։

PARA TV-ի յութուբյան ալիքում Ամուլսարի խնդրի վերաբերյալ կան մոտ 70 տեսանյութեր, ուղիղ եթերներ, ռեպորտաժներ, ֆիլմեր և այլն։ Սրանց մի մասը պետական պաշտոնյաների և ոլորտի պատասխանատուների հարցազրույցներն են հանքի շահագործման վտանգների վերաբերյալ, իսկ մյուս՝ առավել մեծ մասը հենց Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի, շահագործման բացասական ազդեցության մասին է։

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցի ալիքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վերաբերյալ կա միայն մի քանի տեսանյութ, որտեղ կոմբինատի աշխատանքը ներկայացված է բացառապես դրական լույսի ներքո։ Դրանցից են, օրինակ, ԶՊՄԿ-ի պաշտոնական հաղորդագրությունները այս կամ այն թեմայի վերաբերյալ, սոցիալական ոլորտին կատարված տարեկան հաշվետվությունները և այլն։

Այսպիսով, Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստների և հասարակական գործիչների մի մասը կապված էր PARA TV-ի հետ, աշխատավարձ էր ստանում այստեղից, լրատվամիջոցին էլ, իր հերթին, վճարում էր ԶՊՄԿ-ից ֆինանսավորվող բարեգործական կազմակերպությունը։
«Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ են հայտնվել PARA TV-ի՝ վերջին տարիներին հարկային մարմնին ներկայացված հաշվետվությունները, որտեղ ներկայացված են այն անձանց ցուցակները, որոնք վճարվել են լրատվականի կողմից։
Նրանց թվում են, մասնավորապես, հետևյալ անձինք, որոնց համագործակցության ժամանակահատվածը և ստացած գումարի չափը ներկայացված է ստորև.  

01․2017-07․2020 Էլիզաբեթ Պետրոսյան — ԶՊՄԿ այն ժամանակվա տնօրեն Վահե Հակոբյանի կինը, «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ի նախագահ — ամսական 1 միլիոն 372 հազարից՝  ֏1 միլիոն 500 հազար աշխատավարձ,

03․2018-07․2020 Արման Սուլեյմանյան — լրագրող — ամսական ֏270-700,000 

03․2018-03․2019 Սերգեյ Դանիելյան — դերասան, բլոգեր — ամսական ֏130-270,000, 

08․2018-03․2019 Հայկ Բարսեղյան — էկոակտիվիստ, SOS նախաձեռնության անդամ — ամսական ֏280-300,000,

12․2016 Լևոն Գալստյան — բնապահպան — ֏402,000,

09․2017-05․2018 Անահիտ Բախշյան — «Հանրային դիվանագիտություն» ՀԿ նախագահի կրթության հարցերով խորհրդական — ամսական ֏405,000,
01․2017-06․2018 Սիլվա Ադամյան — էկոակտիվիստ, Ամուլսարի հանքի դեմ պայքարի առաջամարտիկ, PARA TV-ի աշխատակից — ամսական ֏70,000:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։