Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաչոն գնացել է, Վիգեն Սարգսյանի և «Վիվառո»-ի միջև մեկ օրում տեղի է ունեցել գործարք. ո՞նց է էդպես լինում. Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալին

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի (որի վրա կան գույքային խնդիրներ և քրեական գործ) և «Վիվառո» ընկերության միջև տեղի ունեցած գործարքին: 

Դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ պարոն Սիմոնյանին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ես կխնդրեի, որ ազգային անվտանգությունն ուսումնասիրի նման երևույթները, որոնք արդեն կրկնվող են: Վերջերս էլ պարզ դարձավ, որ այլ գործով էլի անհայտ մարդ կարողացել է լքել Հայաստանը, որից հետո պարզ է դառնում, որ էստեղ մենք էլի խնդիրներ ունենք. Վաչոն գնացել է, ո՞նց է էդպես լինում: Մենք բազմաթիվ բաներ ենք անում, որ այդ պաշտոնյաների պատճառած վնասները վերականգնվեն, և ցավալի է, որ պաշտպանության նախկին նախարարների հետ է անընդհատ նման պատմություններ լինում: Այնպիսի տպավորություն է, որ Վիգեն Սարգսյանը Բոստոնում բնակարանը գնել է շատ ավելի վաղուց, և այդ գումարների գործարքը տեղի է ունենում մի ընկերության հետ, որը շատ հրատապ՝ մեկ օրվա ընթացքում,գումարներ է փոխանցում ՀՀ սահմաններից դուրս, իսկ դա նշանակում է մի բան՝ որ տվյալ ընկերության և պաշտպանության նախկին նախարարի միջև, բացի գույքային այս պատմությունից, կան նաև այլ պատմություններ, որն արժի ուսումնասիրել: Ես կխնդրեի, որ ազգային անվտանգությունը նման խնդիրներին ավելի ուշադիր լինի, որովհետև փորձը ցույց է տվել, որ ձեր կառույցը շատ դեպքերում կարողանում է շատ ավելի էֆեկտիվ կանխել, քան մեր ուժային կառույցներից որոշները»:
 
Անդրանիկ Քոչարյանը ցանկություն հայտնեց, որ այս երևույթները ազգային անվտանգության կոլեգիայում էլ քննարկվեն: