Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արյան գենետիկ հիվանդություն ունեցող 5 ամյա Մարթան իր ընտանիքի հետ կարող է հայտնվել փողոցում. տեսանյութ

Արարատի մարզի Այնթապ համայնքի 17-րդ փողոցի 43 տանը վարձով ու սոցիալական ծանր խնդիրներով ապրող 34-ամյա Արմինե Պետրոսյանն ու իր երեք անչափահաս երեխաները ունեն բոլորիս օգնության կարիքը։ Տան փոքրիկ աղջկա՝ կապուտաչյա, ոսկեմազ սիրունիկ Մարթայի հիվանդությունը հիմնովին փոխել է այս ընտանիքի կյանքը։ Արմինեն ասում է, որ երեխայի շարունակական բուժումն ապահովելու նպատակով ընտանիքի անդամները ստիպված են եղել Կապանից տեղափոխվել Երևան։  

Ոսկեմազ Մարթայի մոտ բժիշկները ախտորոշել են բետա թալասեմիա տիպի արյան հիվանդություն։ Բետա թալասեմիան ծնողների գեների միջոցով փոխանցվող արյան գենետիկ հիվանդություն է: Այն անեմիայի ձև է, որն արտահայտվում է արյան կարմիր բջիջների կամ հեմոգլոբինի անկումով, քթային արյունահոսությամբ, փսխումներով և այլ ախտանիշներով: Այն ունենում է մի քանի տեսակ և սրացման աստիճաններ։ Օրինակ՝ Մեծ բետա թալասեմիան ծայրահեղ աստիճանն է, որի դեպքում երեխաները նաև արյան կանոնավոր փոխներարկման կարիք են ունենում։ Մայրը տագնապած նշում է, որ այժմ իր աղջկա հեմոգլոբինը շատ ցածր է, մոտ եռակի, քառակի պակաս է նորմայից, հաճախակի են քթից երկարատև արյունահոսությունները, փսխումները։ Բժիշկները չեն բացառում, որ մոտ ապագայում երեխայի կյանքը փրկելու համար անհրաժեշտ կլինեն արյան փոխներարկումներ։ Նա համոզված է՝ այս բուժումները, դեղերը միայն ժամանակավորապես են օգնելու իր երեխային, իսկ հիմնական բուժում կարող է ստանալ միայն Գերմանիայում, որի հնարավորությունը, ցավոք, չունի, իսկ բարեգործական դրամահավաքով միայն հետազոտությունների համար նախատեսված գումարն է հավաքվել՝ 400.000 դրամ։ Իր երեխայի կյանքը փրկելու համար մայրը խնդրում է անտարբեր չլինել և օգնել իրենց։    

Այս խնդիրները կարող էին տանելի ու լուծելի լինել, եթե ամիսներ առաջ ամուսինը Արմինեին միայնակ, անօգնական չթողներ երեք անչափահաս երեխայի և ծանր խնդիրների հետ, որոնց գումարվել է ևս մեկը։ Տանտերը որոշել է վարձի գինը բարձրացնել՝ 40.000 դրամից հասցնելով 80.000-ի։  Արմինեն ասում է, որ 36.000 դրամ նպաստով ի վիճակի չէ այդքան վարձ տալ, և արդյունքում այս ձմռան շեմին իր հիվանդ աղջկա ու մյուս անչափահաս երեխաների հետ  կարող է հայտնվել փողոցում։ Կինը պատմում է, որ ամուսնու հետ անձնական լուրջ տարաձայնություններ չի ունեցել, պարզապես ամուսինը նախընտրում է միայնակ ապրել, առանց իր պարտավորությունների՝ ընտանեկան հոգսերից ու խնդիրներից հեռու։ Դա է հիմնական պատճառը, որ այժմ առանձին ապրում է հարևան գյուղում, իսկ երեխայի առողջական վիճակի և տան վարձի հետ կապված խնդիրների մասին տեղեկացել է ֆեյսբուքյան հրապարակումից։ Արմինեն այս սեզոնին չի աշխատում, այլ եկամուտ չունի, հարազատներն էլ խիստ սահմանափակ հնարավորություններ ունեն, չեն կարող աջակցել, իսկ սոցապից ստացվող նպաստը ընդամենը 36.000 դրամ է, որով չի կարող անգամ կոմունալ վարձերը վճարել։ Ամեն անգամ ստիպված է խնդրելով, իր վիճակը բացատրելով՝ տան ջուրը կամ գազը միացնել։ Հիմա Արմինեն ակնկալում է, որ սրտացավ մարդիկ որոշակի գումարով կօգնեն, և ավելացնելով  մի քանի բարերարի նվիրաբերած դրամական միջոցներին՝ գոնե դրսում չի հայտնվի, կկարողանա մի փոքր տնակ-դոմիկ գնել։ 

Երեխաներից միայն աշխույժ Մարթան ցանկացավ խոսել մեզ հետ։ Մեր հարցին, թե ինչ է ցանկանում ամենից շատ, նա ոչ իր համար առողջությունը նշեց, ոչ էլ լավ ապրուստը, այլ միայն, որ հայրը իր կողքին լինի նորից։ Փոքրիկ Մարթան այնքան ուժեղ, կենսուրախ, աշխույժ է, որ կարողանում է հաղթահարել ֆիզիկական տկարությունը և մեծ սիրով հաճախել պարի, իր հասակակիցների նման գեղեցիկ շարժումներ անել՝ մոռանալով հիվանդությունը, խնդիրները և սրտանց ուրախանալ։ Փոքրիկը նաև անկեղծացավ, որ կերազեր պարուհի դառնալ, սակայն հիվանդության պատճառով ցանկանում է բժշկուհի դառնալ և առողջացնել բոլոր հիվանդներին։ Ընդհանրապես նրա սիրած բաներից է օգնել մայրիկին, քույրիկին և ծաղիկներ հավաքել։

11-ամյա յուրահատուկ գեղեցկությամբ և գեղեցկությունը գնահատող Ալյոնան չցանկացավ խոսել տեսախցիկների առաջ, բայց իմացանք, որ ինքը լավ է սովորում դպրոցում, եթե հնարավորությունները ներեն, կդառնա դերասանուհի և ֆոտոմոդել։

15-ամյա Ալեքսը հիմնական դպրոցը ավարտելուց հետո վարսավիրություն է սովորել, այժմ արդեն աշխատում է։ Որպեսզի տեսախցիկներով չերևա, ողջ նկարահանման ընթացքում այդպես էլ ներս չմտավ, նախընտրեց դրսում մրսելով սպասել։ 

Թամարա Ղազարյան


Օգնության համար կարող եք զանգահարել 098775066 հեռախոսահամարով կամ գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներին.

ID բանկի հաշվի համար՝ 11818007555800, քարտի համար՝ 4318290092453428

Ardshinbank-ի հաշվի համար՝ 2472905299390000, քարտի համար՝ 4454300003837454

Conversebank- 1930056700570100 

Հասցե՝ Արարատի մարզ, գյուղ Այնթապ, 17-րդ փողոց, 43 տուն