Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խցերում մարդիկ ավելի չարանում են` 1 ժամով են դուրս գալիս բակ, ամեն օր նույնություն է, ուղեղդ դառնում է ռոբոտի ուղեղ, ոչ առողջ հոգեվիճակ ունեցողներ էլ կան․ բարձրաձայնում են կին դատապարտյալները․ տեսանյութ

«Ես ստանում եմ հացը, մենք երկու աշխատակից ենք, մեկը մեկուսարանն է սպասարկում, մեկը՝ կանանց տեղամասը։ Մուտքից ստանում ենք սնունդը՝ օրը 3 անգամ, բերում ենք այստեղ և բաժանում դատապարտյալներիս»,- իր աշխատանքն է ներկայացնում դատապարտված կանանցից մեկը։ 

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներն աշխատում են, դասընթացների մասնակցում, մարզվում, գրադարանից օգտվում ու անհամբեր սպասում ազատության մեջ հայտնվելուն։ 

«Կանանց տեղամասում գտնվող դատապարտված 13 կանանցից 12-ն աշխատում է։ Չաշխատողն էլ  անձնագրի հետ կապված խնդիրը կլուծի, ու նա էլ կաշխատի»,- ասում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արտակ Մաքունցը։  

Նրա խոսքով՝ կանայք հիմնականում տարածքի մաքրության, բարեկարգման աշխատանքներում են ներգրավված, ստանում են նվազագույն աշխատավարձ։ Աշխատանքները կատարում են միջին ու ցածր անվտանգային գոտիներում՝ կիսաբաց ու բաց ռեժիմներում, պատիժը կրող կանայք, քանի որ բարձր անվտանգային գոտում՝ փակ ռեժիմում, պահվողները ընդամենը 1 ժամ հնարավորություն ունեն դուրս գալու բակ, իսկ խցերում աշխատելու հնարավորություն ստեղծված չէ նրանց համար։

«3 հոգի էլ ցածր անվտանգային գոտում են պատիժը կրում՝ բաց ռեժիմում, որից երկուսն այլ գործատուի մոտ են աշխատում՝ առավոտյան 08-ից մինչև 20։00-ն դրսում են լինում, հետո վերադառնում քրեակատարողական հիմնարկ»,- հավելում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը։

Պերուացի Մարիան պատմում է, որ Պերուից առաջին անգամ Հայաստան է եկել 2015թ.-ին, բայց չի հասցրել Հայաստանը տեսնել՝ հայտնվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: «Ես իմ ընկերոջ հետ եկել եմ Հայաստան տուրիստական, բայց չեմ իմացել, որ նարկոտիկ կա իմ սումկի մեջ։ Օդանավով եկել եմ, ուզում եմ գնամ դուրս, բայց ոստիկան է վերցնում ինձ»,- ասում է նա։  

Հայաստանի օդանավակայանից Մարիան չի հասցրել դուրս գալ, իր և իր ընկերոջ պայուսակում կոկաին տեսակի թմրանյութ է հայտնաբերվել, և նրանց ուղեկցել են ոստիկանները։ Դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, դեռևս 7,5 տարի պետք է կրի պատիժը: «Ազատվելուց հետո չեմ կարող մնալ Հայաստանում, 2 երեխա ունեմ, ծնողներ՝ մեծ են, չեմ կարող մնալ»,- ասում է նա։ 

Մարիան նշում է՝ չի կարողացել դատարանին ներկայացնել իր երեխաների ծննդյան վկայականները, Պերուից չեն ուղարկել փաստաթղթերը որպես ապացույց, որ 2 երեխաների մայր է, իսկ 15 տարվա անազատության դատապարտելը չափից ծանր պատիժ է համարում Հայաստանի դատարանի կողմից։ 

Կարինե Ղումաշյանը 7,5 տարի է, ինչ կրում է պատիժն անազատության մեջ։ Դատարանի վճռով 12 տարի ազատազրկման է դատապարտվել՝ պետական դավաճանության նախապատրաստվելու մեղադրանքով, սակայն մեղադրանքը չի ընդունում և հույս ունի, որ վաղաժամկետ կազատվի: «6 տարի 1 ամիս ես փակ ռեժիմում ապրել եմ՝ դա խելագարվելու բան է, մարդիկ կան, որ չեն դիմանում։ Ամեն օր նույնություն ա, ուղեղդ դառնում ա ռոբոտի ուղեղ։  Մարդիկ այդ փակ ռեժիմում չարանում են ավելի»,- դժգոհում է Կարինեն։   

Կարինեն երեխաներ ունի՝ 3 տղա, մեկ աղջիկ, մեծ տղան զինվորական է, արդեն 11 տարի է՝ բարձրաստիճան սպա է։ Նշում է՝ մարդիկ եթե առաջին անգամ են հայտնվում քրեակատարողական հիմնարկում, պետության կողմից պետք է հնարավորություն տրվի նրանց փոխվելու. «Կնոջ հետ նման ձև չեն վարվում, սա թվեր չի, որ ասենք 5, 10 տարի են տալիս, 15 տարի նստող կա, էդպես բան կարելի՞ է անել։ Կնոջը իր զավակներից կտրում են, բերում գցում ստեղ, ինչի՞ համար»։

Դատապարտյալների համար թեպետ դասընթացներ են կազմակերպվում, սակայն Կարինեի խոսքով՝ ոչ բոլորն են ցանկանում մասնակցել՝ 4 պատերի մեջ մոտիվացիա չկա մասնակցելու. «Ես մասնակցել եմ բիզնես պլանի, կավագործության, անգլերենի դասընթացների՝ 6 ամսով, ով ուզում է՝ մասնակցում է, ով չի ուզում՝ չի մասնակցում։ 43 անձնավորության հետ ես նստել եմ, այդ փակ տարածքը շատ ճնշող է, կային մարդիկ, որ ասում էին՝ ներվերներս չի հերիքում»։  

Կարինե Ղումաշյանին թեպետ մեղադրել են, որ նախապատրաստվել է պետական դավաճանության, սակայն իր խոսքով՝ ինքը դավաճանություն չի կատարել։ Թուրքիայում աշխատելու ժամանակ Կարինեի համաքաղաքացին իրեն ծանոթացրել է մի անձի հետ, ով ներկայացել է որպես հայ բարերար։ Նա Կարինեին օգնելուն զուգահեռ հետաքրքրվել է նրա զինծառայող որդու տվյալներով, ծառայության վայրով։ Կարինեն թեպետ հանդիպել է բարերար կոչվածի հետ և ունեցել գրագրություն նրա հետ Հայաստանից,  սակայն պնդում է՝ փորձում էր բացահայտել «բարերարի» ով լինելը։ Կարինեի խոսքով՝ ինքը թաքուն լսել է, թե ոնց է հայ բարերար ներկայացողը նաև այլ անձանց հետ հայերեն խոսում. «Իրենք հայեր էին, աշխատում էին Ադրբեջանի հետախուզական ծառայության հետ։  Երբ որ ինձ ձերբակալեցին քննիչները, ասում էին՝ իրենք ադրբեջանցիներ են, ասում եմ՝ ոչ, իրենք հայեր են, քանի որ այդ մարդիկ չգիտեին, որ ես լսում եմ իրենց խոսակցությունը, դե թող թուրքերեն խոսեին։  

ԱԱԾ-ից Կարինեին մեղադրել են նաև, որ լրտեսի մասին իր իմացած տեղեկությունը չի հայտնել իրենց։ Իսկ Կարինեն պնդում է՝ չի գիտակցել, որ պետք է դիմեր Ազգային անվտանգության ծառայությանը։ 

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կա 39 կալանավոր, որից 4-ն անչափահաս է, դատապարտյալ կանանց թիվը  22-ն է, որից միայն մեկն է գտնվում բարձր անվտանգային գոտում՝ փակ ռեժիմում։ Դատապարտյալ կանանց մեջ կան նաև մինչև երեք տարեկան երեխա խնամողներ, որոնց խնամքը կազմակերպվում է հենց քրեակատարողական հիմնարկում։  

Քրեակատարողական հիմնարկը դպրոցը չավարտածների համար նաև հանրակրթական ծրագիր է իրականացնում։ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դպրոցում այս պահին սովորում են կալանավորված անչափահասներ, ինչպես նաև 2 կին դատապարտյալ կա՝ 49 և 23 տարեկան։ Հանրակրթական ծրագրի դասավանդումը կազմակերպում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը։ 

«Նախկինում օրենքը սահմանում էր, որ դպրոցում կարող են սովորել մինչև 19 տարեկան անձինք, սակայն օրենքի փոփոխությունից հետո տարիքային սահմանափակումը հանվել է, և այն անձինք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն ավարտել դպրոցն ու գտնվում են քրեակատարողական հիմնարկում, կարող են շարունակել ուսումը»,- ասում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արտակ Մաքունցը։ 

Թեպետ դատապարտյալներն իրենց օրը հետաքրքիր են դարձնում նաև մշակութային երեկոներ կազմակերպելով, բայց բջջային հեռախոսի բացակայությունից շատ են նեղսրտում, առաջարկում են՝ գոնե հասարակ՝ ոչ մեծ հնարավորություններով բջջայիններ թույլատրեն ունենալ։ Դատապարտյալ կանանցից մեկն էլ դժգոհեց այլ դատապարտյալների վարքագծից, ըստ նրա՝ ոչ առողջ հոգեվիճակ ունեցողներ կան ազատազրկման մեջ։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Նարա Մարտիրոսյան