Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2753 տեղահանված արցախցի ընտանիք բնակարան գնելու սերտիֆիկատ է ստացել նախարարությունից, 10 մլն դրամի սերտիֆիկատը ՀՀ մարզերի համար է. Զարուհի Մանուչարյան

2753 տեղահանված արցախցի ընտանիք բնակարան գնելու սերտիֆիկատ է ստացել նախարարությունից, 10 մլն դրամի սերտիֆիկատը ՀՀ մարզերի համար է. Զարուհի Մանուչարյան
Հասարակություն
17:58, 25 ноябрь 2022
Երեկ՝ նոյեմբերի 24-ին, Արցախի մի շարք բնակավայրերից տեղահանվածները, այդ թվում՝ Բերձորի, Աղավնոյի նախկին բնակիչները, կառավարության դիմաց դժգոհում էին, որ տների գները թանկ են և չեն կարող սերտիֆիկատներով բնակարան ձեռք բերել։  

Civic.am-ը կապ հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանի հետ՝ ճշտելու, թե սերտիֆիկատների տրամադրման գործընթացն ինչ փուլում է, և ինչքան գումար է ՀՀ կառավարությունը սուբսիդավորում։ 

Զարուհի Մանուչարյանի խոսքով՝ արցախցիների աջակցության բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը լայն թափով շարունակվում է։ Նա ընդգծեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման սերտիֆիկատներ է տրամադրում արցախցիներին 8-14 մլն դրամի սահմաններում՝ բնակարան ձեռք բերելու համար: «8 մլն դրամի սերտիֆիկատ տրամադրվում է, եթե Երևանում են նախընտրում գնել, 10 մլն՝ ՀՀ մարզերի համար, եթե Արցախում են ցանկանում գնել տուն՝ 12 մլն դրամի սերտիֆիկատ է տրվում, իսկ եթե Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում են որոշում տուն ձեռք բերել՝ 14 մլն դրամի, սակայն կառուցելու համար 16 մլն դրամի սերտիֆիկատ է հատկացվում»,- հիշատակեց Զարուհի Մանուչարյանն ու հավելեց, որ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում տուն ձեռք բերելու դեպքում սերտիֆիկատը բավական է, և լրացուցիչ գումար ավելացնելու կարիք չի լինի։ 

Նա նշեց, որ շահառուների տվյալները տալիս են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, և արդեն իսկ 4000-ից ավելի ընտանիքի տվյալ է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը. «Շահառու են համարվում Արցախի տարածքում, առանձին շրջաններում 2020թ. սեպտեմբերի 27-ին կամ վերջին 3 տարում փաստացի բնակված և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքները։ Քաղաքացիները դիմում են ներկայացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, և եթե դիմումն ու Արցախի ՏԿԵՆ-ից փոխանցված տվյալները համընկնում են՝ տրամադրվում է սերտիֆիկատ»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղարը։

Զարուհի Մանուչարյանի խոսքով՝ այս պահին արդեն 2753 ընտանիքի սերտիֆիկատ են տրամադրել Արցախից տեղահանվածներին։ 

Մեր հարցին՝ քանի՞սն են ձեռք բերել բնակարան տրամադրված սերտիֆիկատով, Զարուհի Մանուչարյանն արձագանքեց. «Տուն ձեռք բերելու վերաբերյալ արցախցիները պետք է տեղեկացնեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, սակայն վերջերս ենք սկսել մեծ թափով տրամադրել սերտիֆիկատները, և գործարքների մասին տեղեկատվություն հավաքագրված չէ»։  

Նրա խոսքով՝ նաև դեռևս չեն տարանջատել, թե արցախցիները սերտիֆիկատները հիմնականում Երևանո՞ւմ, թե՞ ՀՀ մարզերում տուն գնելու համար են ձեռք բերել։  

Նարա Մարտիրոսյան