Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որքա՞ն գումար է հարկավոր շատ լավ ապրելու համար. Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է բնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքները

Որքա՞ն գումար է հարկավոր շատ լավ ապրելու համար. Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է բնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքները
Հասարակություն
19:19, 30 ноябрь 2022
Հայաստանում 2021թ.-ին բարեկեցության մասին սուբյեկտիվ գնահատականները՝  իրենց բարեկեցության վերաբերյալ անհատների անձնական տեսակետները,  2.8 անգամ ցածր են օբյեկտիվ գնահատականներից. աղքատության մակարդակները գնահատվել են, համապատասխանաբար, 9.5% և 26.5%: Իրեն ծայրահեղ աղքատ է համարել  0.6%-ը, ինչը գրեթե 3 անգամ փոքր է սպառման ցուցանիշով գնահատված ծայրահեղ աղքատության մակարդակից. այն կազմում է  1.5%։  Տվյալների մասին civic.am-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած  «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2022» տեղեկանքից։ 
 
Ըստ ԱՎԿ-ի՝ աղքատությունը բազմաբնույթ է և կարող է չափվել և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ մոտեցումներով: 2021թ.-ի հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է տնային տնտեսությունների 16 և բարձր տարիքի անդամների կարծիքը կենսամակարդակի առաջնային խնդիրների վերաբերյալ: 2021թ.-ին առավել առաջնային խնդիրներից նշվել են բնակարանային հիմնահարցը (10.6%), առողջության խնդիրը (9.9%) և ոչ պարենային առաջնային կարիքները (9.1%): Հարցվողների միայն 2.9%-ն է որպես առաջնային խնդիր նշել երեխաներին բավարար կրթությամբ ապահովելու անկարողությունը, իսկ 1.2%-ը՝ սննդի ապահովման խնդիրը:

Ընդհանուր աղքատության սուբյեկտիվ գնահատականն ավելի ցածր է, քան օբյեկտիվը: Իրեն աղքատ է համարել (չհաշված ծայրահեղ աղքատներին) բնակչության 9.5%-ը: Միևնույն ժամանակ բնակչության 0.6%-ն է իրեն գնահատել ծայրահեղ աղքատ, ինչը մոտ 3 անգամ փոքր է մեկ չափահաս անձին համարժեք սպառման հիման վրա ծայրահեղ աղքատ գնահատված բնակչության ցուցանիշից՝ 1.5%:
Հետաքրքիր է, որ իրենց կենսամակարդակը միջինից բարձր գնահատած բնակչության տեսակարար կշիռը կազմել է 3.8%, և բնակչության 0.2%-ն է իրեն հարուստ համարել:

Տնային տնտեսությունների տեսակետը՝ շատ լավ, լավ ապրելու համար, և ծայրը ծայրին հասցնելու անհրաժեշտ անվանական ամսական գումարի չափը (մեկ շնչի հաշվով) 2021թվականին ունի հետեւյալ պատկերը. 

Շատ լավ ապրելու համար, ըստ հարցման մասնակիցների,  հարկավոր է 269 հազար դրամ կամ 550 ԱՄՆ դոլար։ 
Լավ ապրելու համար 167 հազար դրամ կամ  342 ԱՄՆ դոլար։ 

Գոյատևելու համար՝  մոտ 65 հազար դրամ կամ 132 դոլար։ 

Հետազոտության ընթացքում պարզվել է հարցմանը մասնակցած տնային տնտեսությունների տեսակետը տարբեր հաստատությունների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների վիճակի վերաբերյալ:  2021թ.-ին տնային տնտեսությունները հիմնականում բավարարված են էլեկտրաէներգիայի մատակարարումից և ջրահեռացման ծառայությունից (99.0%-ը վկայել է այդ մասին): Բավարարվածության աստիճանը բարձր է նաև աղբի հավաքումից՝ 97.7%, փոստի ծառայություններից՝ 97.5%, և ջրամատակարարման ծառայությունից՝ 95.0%: Միևնույն ժամանակ տնային տնտեսությունների մի մասն անբավարարվածություն է հայտնել հասարակական տրանսպորտի (20.7%), կրթության (10.2%), առողջապահության (9.1%), բանկերի աշխատանքի (9.0%), աղբի հավաքման (2.1%) և ջրամատակարարման ծառայություններից (4.9%): 

Ծառայությունների մատուցման գործում արձանագրված ամենաբացասական տեղաշարժերը, ըստ տնային տնտեսությունների չափահաս անդամների կարծիքի, գրանցվել են աղբահանության (16.5%), առողջապահության (11.8%), կրթության (15.6%) և հասարակական տրանսպորտի (11.2%) ոլորտներում։ 

Ե. Ազատյան