Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շինարարական փոսերը երբեմն ստեղծվում են ու վերջ՝ տարիներով այդպես մնում են. վարչապետը՝ անավարտ շինությունների գույքահարկի մասին

«Մենք ականատես ենք լինում դեպքերի, երբ, ասենք, որևէ տեղում շինարարական փոս է ստեղծվում և վերջ՝ դրանով ավարտվում է ու մնում տարիներով, նույնիսկ տասնամյակներով, ու մենք բոլորս սովորում ենք դրան. կամ կիսատ է, կամ հիմքերն են գցել, կամ առաջին հարկն են դրել, ինչ-որ մի կառույց են արել, և դա մեզ մոտ դիտվում է կարծես որպես նորմալ երևույթ՝ հիմա մարդ է, կսարքի, էլի, բայց ոչ ոք չի արձանագրում, որ դա անհարգալից վերաբերմունք է հանրության նկատմամբ, անհարմարություններ է ստեղծում, խաթարում է միջավայրի գեղագիտական տեսքը: Էլ չեմ ասում, որ եթե էդ շինթույլտվությունը չլիներ, էդ հողատարածքը եթե պիտի չիրագործվեր, ապա այդ հանրային ռեսուրսը կարող էր ավելի նպատակային ծառայել»,- այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս նախագիծն այն մասին է, որ շինթույլտվության ավարտից հետո այլ կարգի են կարգավորումները, և գույքային հարկեր պիտի վճարվեն, իսկ շինթույլտվությունները երկրորդ անգամ երկարացնելու համար պետք է արդեն  այլ կարգի դրույքաչափերով վճարումներ անեն: «Շինարարությունը սկսվեց, այն պետք է ավարտվի, չի կարող լինել այնպես, որ քաղաքի կենտրոնում կամ ոչ կենտրոնում, կամ մայրուղու վրա տենց ցելոֆաններով կամ շինարարական աղբի մեջ կորած տարածքները էդպես հավերժ մնան: Դա պետք է իր հետ բերի ֆինանսական հետևանքներ: Սա առաջին կարգավորումն է, ես չեմ բացառում ավելի խիստ մեթոդների կիրառումը:

Եթե այդ կառուցումը տեղի չունենա, ապա համայնքի բյուջեն դրա դիմաց գոնե ինչ-որ փոխհատուցում պետք է ստանա, և գույքային հարկերով պետք է վճարումներ իրականացվեն»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: