Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուսով ենք՝ ՏՏ ոլորտին 10 մլրդ դրամի աջակցությունը էականորեն կմեծացնի ոլորտի մրցունակությունը. Փաշինյան

«Մենք մի քանի ամիս է՝ ահազանգեր ենք ստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, որ դրամի արժևորման արդյունքում իրենք որոշակի ռիսկերի առաջ են կանգնում, և նրանք կառավարությունից աջակցություն էին ակնկալում այդ ռիսկերը կառավարելու համար»,- այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ամենատարբեր քննարկումներ են տեղի ունեցել կառավարության, ոլորտի ներկայացուցիչների ֆորմատով. «Մենք, իհարկե, պատրաստ էինք աջակցել, բայց մեր նախկին փորձը հաշվի առնելով՝ մենք խնդիր ունենք, որ աջակցությունը լինի մաքսիմալ հասցեական, և աջակցության էֆեկտը լինի ոչ միայն տեղային, այլև ընդհանուր դրական ազդեցություն ունենա ոլորտի և տնտեսության վրա: Չենք կարող ասել կոնսենսուսային, բայց բազում քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ ռացիոնալ տարբերակը սա է. մենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին 10 մլրդ դրամի աջակցություն ենք ցուցաբերում, որը, մեր գնահատմամբ, էականորեն կմեծացնի ոլորտի մրցունակությունը, նկատի ունեմ միջազգային շուկայում»:

Վարչապետը հույս հայտնեց, որ այս աջակցությամբ ոլորտը ոչ միայն ժամանակավոր, այլև երկարաժամկետ կտրվածքով իր մրցունակությունը կավելացնի՝ հարմարվելով և ադապտացվելով այն նոր միջազգային տնտեսական կոնյունկտուրային, որն այսօր առկա է ՀՀ-ում: