Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդ չակերտավոր բնապահպանների արտաքինից էլ պարզ էր, որ բնապահպաններ չեն․ ակնհայտ է, որ ադրբեջանցիների հերթական սադրանք էր․ հայ բնապահպանը դիմել է միջազգային գործընկերներին

Այդ չակերտավոր բնապահպանների արտաքինից էլ պարզ էր, որ բնապահպաններ չեն․ ակնհայտ է, որ ադրբեջանցիների հերթական սադրանք էր․ հայ բնապահպանը դիմել է միջազգային գործընկերներին
Հասարակություն
20:50, 05 декабрь 2022
Դեկտեմբերի 3-ին ադրբեջանցի բնապահպաններ ներկայացած անձինք 3 ժամ շարունակ փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածը փակած քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ իրենց քայլը պատճառաբանել էին, թե, իբր, բնապահպանական ուսումնասիրություններ են կատարում՝ ցույց տալու, որ Ադրբեջանն իր ներքին հարցն է համարում Արցախի հանքերի հետ կապված վերահսկողությունը, հետևաբար՝ իր օրենսդրության համաձայն պետք է ստուգի՝ արդյոք համապատասխանո՞ւմ են միջազգային չափանիշներին, թե՝ ոչ։

Արցախից բարձրաստիճան պաշտոնյաներ անմիջապես արձագանքեցին, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի՝ Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի դիտավորյալ փակումը խաղաղ բնակչությանը հոգեբանորեն ահաբեկելու, Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ ԱՀ ՄԻՊ-ը միջազգային հանրության հիմնական դերակատարներին հորդորեց, որ հասցեական ու կոշտ քայլերով ձեռք առնեն պատժիչ ու կանխարգելիչ միջոցներ, այլապես նման դեպքերի կրկնությունն ու հումանիտար աղետն անխուսափելի է։ Ի պատասխան Ադրբեջանի բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ԱՀ բնապահպանական կոմիտեն հակադարձեց․ «Արցախի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է և ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքով: ԱՀ բնապահպանության կոմիտեն, որպես պետական լիազոր մարմին, պատշաճ կերպով վերահսկում է ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունը»: ԱՀ առողջապահության նախարարությունն էլ ահազանգեց, որ ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների, ինչպես նաև առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից Հայաստան տեղափոխումը: 

«Հայաստանի կանաչների միության» նախագահ Արմենակ Դովլաթյանը, որը դիմել է իր միջազգային գործընկերներին՝ ուսումնասիրելու խնդիրը, Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ բնապահպանական ստուգումներ իրականացնելը, բնականաբար, որևէ կապ  չուներ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակման հետ: «Այդ չակերտավոր բնապահպանների արտաքինից էլ պարզ էր, որ բնապահպաններ չեն, այլ` այդ անվան տակ  քաղաքացիական հագուստներով հատուկ ստորաբաժանումների աշխատակիցներ։ Բացի այդ՝ ճանապարհ փակելը որևէ կապ չունի բնապահպանական խնդիրների ուսումնասիրությունների հետ և չի էլ կարող ունենալ։ Ստուգումների համար ճանապարհ չեն փակում։ Այդ պատճառաբանությունը զավեշտալի է»,- նշեց Դովլաթյանը։ 

Այն, որ դա ընդհանրապես կապ չունի բնապահպանական խնդիրների հետ, բնապահպանի համոզմամբ, երևում է նրանից, որ նրանց հետ բանակցած ռուս խաղաղապահներն անգամ որևէ պաշտոնական տեղեկություն չեն հայտնել այդ բանակցությունների բովանդակության վերաբերյալ, թե կոնկրետ բնապահպանական ինչ խնդիրներ կան, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ «Ակնհայտ է, որ սա ադրբեջանցիների կողմից կատարված հերթական սադրիչ գործողությունն էր, որով ցանկանում են ազդել հայկական և ռուսական կողմի վրա՝ ինչ-որ արդյունքի հասնելու նպատակով։ Չգիտեմ՝ ռուսական կողմը ինչպես է կապված այս գործողությունների հետ, ինչ մոտեցումներ ունի, ինչ արդյունք են տվել բանակցությունները։ Այնուամենայնիվ, միջանցքի փակումը հարված էր նաև ռուսական կոնտինգենտին, որը, փաստացի, չի կարողանում կատարել իր պարտավորությունները և կապ չունի, թե ինչպես է ուսական կողմը ներկայացնում 3 ժամ անց ճանապարհի բացումը․ ձեռքբերո՞ւմ է համարում, թե՝ մի այլ բան»,- ասաց բնապահպանը։  

Հարցին, թե լուրեր կան, որ ադրբեջանական կողմը ոսկու հանքերի գործունեության համար է խոչընդոտներ առաջացնելու, նա դժվարացավ պատասխանել, քանի որ ռուս խաղաղապահ զորախումբը որևէ բացատրություն չի տվել՝ կոնկրետ որ հանքերի հետ են կապված ստուգումները։ 

Մենք զանգահարեցինք Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն՝ ճշտելու արդյոք Արցախում չե՞ն պատրաստվում անվտանգային լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել՝ կանխելու նման վտանգավոր միջադեպերի կրկնությունը, հատկապես, որ այս միջադեպին հաջորդել էր մեկ այլ դեպք, երբ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով անցնող ադրբեջանական մեքենաներից քաղաքացիական հագուստով չորս ադրբեջանցիներ վիճաբանել և բռնություն էին գործադրել հայ երիտասարդների նկատմամբ, ինչի հետևանքով վնասվածք ստացած մարդիկ հայտնվել էին հիվանդանոցում։

Արցախի ԱԱԾ-ից մեզ պատասխանեցին, որ դեպքի առնչությամբ հատուկ որոշում ԱՀ Անվտանգությյան խորհուրդը դեռևս չի կայացրել։


Թամարա Ղազարյան