Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խցում գտնվող կալանավորը թուք է ներարկել ոտքին ու 6 անգամ վիրահատվել, հիմա էլ հացադուլ է հայտարարել․ներարկում կատարելու վայրն ու ժամանակն անհայտ են

Խցում գտնվող կալանավորը թուք է ներարկել ոտքին ու 6 անգամ վիրահատվել, հիմա էլ հացադուլ է հայտարարել․ներարկում կատարելու վայրն ու ժամանակն անհայտ են
Հասարակություն
20:30, 05 декабрь 2022
Կալանավոր Վիրաբ Ղազարյանն արդեն մի քանի օր է՝  հացադուլի մեջ է գտնվում։ Այս պահին «Արմավիր» ՔԿՀ-ում է, ոտքը վիրահատված է, որը վնասվել էր կալանքը կրելու ժամանակ ու հիմա խցում անտարբերության է մատնված։ Այս մասին բարձրաձայնում է կալանավորի քույրը՝ Գայանե Ղազարյանը։  

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ կալանավորը՝ Վիրաբ Ղազարյանը, 4-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է գտնվում, սակայն վիճակը գտնահատվում է նորմալ։ Նա նաև տեղեկացրեց, որ հենց կալանավորն է վնասել իր ոտքը՝ թուք է ներարկել իր ոտքի մեջ, ու թաքցրել այդ փաստը, ինչի հետևանքով էլ վիրահատության է ենթարկվել։ 

Նաիրա Բաբայանի խոսքով՝ ազատազրկվածները հաճախ են թուք ներարկում՝ առողջական խնդիր առաջացնելու ու հիվանդանոց տեղափոխվելու միտումով, սակայն դա անում են ենթամաշկային ներարկումով, ինչը տեղային բորբոքում է առաջացնում և արագ բուժվում է։

«Կալանավորը՝ Վիրաբ Ղազարյանը, երևի առաջին անգամ էր սրսկում, մկանի մեջ է սրսկել և բավականին երկար ժամանակ չի ասել, թե ինչ է արել, թաքցրել է բժիշկներից»,- նշեց Նաիրա Բաբայանն ու հավելեց, որ բժշկական կենտրոնում կալանավորի արարքից  անտեղյակ լինելով դուպլեքս՝ անոթների հետազոտություն են իրականացրել ու ոչինչ չեն հայտնաբերել։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի խոսքով՝ կալանավոր Վիրաբ Ղազարյանի փաստաբանն է մոտեցել բուժանձնակազմին ու ասել, որ կալանավորը թուք է ներարկել՝ կալանավորն անկեղծացել էր փաստաբանի հետ․ «Այդ ժամանակ մենք մեր բուժսպասարկման ուղղությունը փոխեցինք, տարանք համապատասխան վիրաբուժական բաժանմունք ունեցող հիվանդանոց, որտեղ էլ պարզ դարձավ, որ պրոցեսը բավական խորացել է՝ իր իսկ թաքցնելու մեղքով»։

Կալանավորի ոտքը 6 անգամ վիրահատել են «Արմենիա» բժշկական կենտրոնում, մինչդեռ «Վաղարշապատ» ԲԿ-ում նախնական հետազոտության ժամանակ ոչինչ չէին հայտնաբերել, կալանավորն էլ ոչինչ չէր ասել, իսկ «Էրեբունի» ԲԿ-ն ընդհանրապես չէր ընդունել կալանավորին։

«Արմենիա» ԲԿ-ում պարզել են, որ կալանավորի մոտ մկանների նեկրոզ է, մի քանի վիրահատություն են արել, ինչպես նաև 3 պլաստիկ վիրահատություն։

«Հիմա, բնականաբար, ոտքի մկանների կտրած դեֆեկտ կա, բայց արտադրություն չկա, ոտքը բավական լավ վիճակում է այս պահի դրությամբ»,- ասաց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը։
 
Թեպետ կալանավորի քույրն անհանգստացած է, որ եղբոր ոտքն անդամահատելու խնդիր կարող է լինել, սակայն Նաիրա Բաբայանն ընդգծեց, որ որևէ բժիշկ ցուցում չի տվել ոտքն անդամահատելու անհրաժեշտության մասին։
 
 «Այս պահին թարախային արտադրություն, գանգրենոզ վիճակի շարունակություն չկա։ Կարողանում է ոտքը գետնին դնել, քայլել»,- նշեց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը։
 
Նա տեղեկացրեց նաև, որ կալանավորի ստացիոնար բուժման ժամանակ՝ վիրահատությունից հետո քրոջը տրամադրվել է տեղեկանք՝ խնամակալության՝ մուտք ու ելք ունենալու համար․ «Երբ դուրս է եկել և գտնվել է  «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրության տակ, այլևս խնամակալի կարիք չի ունեցել։ Իրեն ցուցվել է ֆիզիոթերապիա, բայց որևէ տեղ այդ ցուցումը շտապ կարգով տրված չէ։ Իսկ հիմա տարեվերջ է և բոլոր ԲԿ-ներում, հիվանդանոցներում պետպատվերի տեղերը սպառված են բոլորի համար։ Պետպատվերի առկայության դեպքում կիրականացվի ֆիզիոթերապևտիկ բուժում»,- ասաց Նաիրա Բաբայանն ու հավելեց, որ սպասում են տարեսկզբին առողջապահության նախարարությունը ԲԿ-ներին, հիվանդանոցներին պետպատվերի տեղեր հատկացնի, որպեսզի կալանավորի ֆիզիոթերապևտիկ բուժումն իրականացնեն, իսկ կալանավորի առողջական վիճակի մասին տեղեկանքները տրամադրվել են իրեն, որպեսզի ներկայացնի դատարան։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի խոսքով՝ ազատազրկման մեջ գտնվողներից մեկը թուք է ներարկում ինքն իրեն, մեկը գդալի պոչ է կուլ տալիս, մյուսը մաշկն է վնասում՝ փոր, ձեռք ու ոտք կտրելով։ «Եթե տվյալ պահին չունեն առողջական խնդիր և ուզում են դուրս գալ՝ ինքնավնասումներ են անում։ Դուք երբևիցե հաշվե՞լ եք, թե մեր խեղճ հարկատուների վրա ինչքան է նստում ինքնավնասումներ կատարած ազատազրկվածների բուժումը, նույն Վիրաբ Ղազարյանի պետպատվեր բուժումը»,- ասաց նա։
 
Թե ինչպես է ներարկիչը հայտնվել խցում գտնվող կալանավոր Վիրաբ Ղազարյանի մոտ, քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը պարզաբանեց, որ կալանավորը բազմիցս դուրս է եկել խցից՝ գնացել է դատարան, քաղաքացիական հիվանդանոց, դատապարտյալների հիվանդանոց, հետևաբար՝ անհայտ է, թե երբ և որտեղ է ներարկում կատարել։
 
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի փոխանցմամբ՝ կալանավոր Վիրաբ Ղազարյանը մեղադրվում է խարդախության համար՝ հին Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով։ 
 
Նարա Մարտիրոսյան