Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոփոխություններ ԱՊՊԱ համակարգում․ 2023-ից սակագները կազատականացվեն, վարորդները կկարողանան ընտրել իրենց առավել նպատակահարմար կամ մատչելի տարբերակը

Փոփոխություններ ԱՊՊԱ համակարգում․ 2023-ից սակագները կազատականացվեն, վարորդները կկարողանան ընտրել իրենց առավել նպատակահարմար կամ մատչելի տարբերակը
Հասարակություն
20:00, 05 декабрь 2022
2023 թ. փետրվարից ԱՊՊԱ սակագները կազատականացվեն` հնարավորություն տալով ապահովագրական ընկերություններին հաճախորդներին առաջարկել սեփական մոդելով գին-որակ համադրությամբ ծառայություններ: Այս մասին նոյեմբերի 30-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Ապահովագրական շուկայի ազատականացում» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։

Ներսես Երիցյանի խոսքով վարորդը հնարավորություն կունենա ծանոթանալու ԱՊՊԱ ընկերությունների առաջարկող սակագներին և ընտրել իրեն առավել նպատակահարմար կամ մատչելի տարբերակը: ԱՊՊԱ ընկերությունների գնային քաղաքականությունը կլինի Կենտրոնական բանկի և Ավտոապահովագրողների բյուրոյի վերահսկողության տիրույթում:

ԿԲ նախագահի տեղակալն ընդգծել է, որ ԱՊՊԱ ոլորտում սակագների ազատականացմամբ մրցակցությունը նոր մակարդակի կբերվի, ինչը հնարավորություն կտա անընդհատ կատարելագործելու մատուցվող ծառայությունների որակը: Տարեցտարի այն վարորդները, որոնք վթար չեն ունենա, իրենց համար ավելի մատչելի է լինելու, և նորմերն ավելի են բարելավվելու: Բարելավում նախատեսվում է նաև տաքսի ծառայություններ, ուղևորափոխադրում իրականացնողների շրջանակում: Ըստ Ներսես Երիցյանի`ապահովագրական շուկայի ազատականացումը եղել է նաև վարորդների ցանկությունը: 

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի տեղակալ Արտյոմ Նազարյանը հիշեցրեց, որ տարեսկզբին տեղի ունեցած փոփոխությունները անցումային էին՝ դեպի ազատականացում։ Նախկինում ընկերությունները գների հարցում որոշակի մրցակցային դաշտ ունեին, սակայն հիմնականում նույն գներն էին սահմանել՝ Բյուրոյի կողմից սահմանված առավելագույն գինը։ Հիմա արդեն, բացի գներից, ազատականացվում է նաև մեթոդաբանությունը։ 

Վարորդի ընկեր ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը նշեց, որ այս փոփոխություններով փոխվում է սակագնի հաշվարկման մեթոդաբանությունը։ Եթե նախկինում ԿԲ-ի և Բյուրոյի կողմից էր սահմանվում սակագինը, ապա հիմա ԿԲ-ն և բյուրոն չեն միջամտում սակագնի հաշվարկմանը, այլ յուրաքանչյուր ընկերություն ինքն է որոշելու գների հաշվարկման իր մոդելը։ 

Բյուրոն սահմանել է առավելագույն գին, որից բարձր գին ապահովագրական ընկերությունները չեն կարող սահմանել։

Հակամրցակցային պայմանավորվածությունները բացառելու գործիքակազմ Բյուրոն և Կենտրոնական բանկը ևս ունեն։ Ընկերությունների սահմանած մեթոդաբանությունը հսկվելու է ԿԲ-ի և Բյուրոյի կողմից։ Դրանք նաև համաձայնեցվելու են բյուրոյի հետ։  

Ընկերությունները նախօրոք են սահմանելու իրենց առաջարկած սակագները, ընթացքում փոփոխություններ անելու հնարավորություն չեն ունենալու և եթե հակամրցակցային պայմանավորվածություններ ձեռք բերեն և նույն գինը առաջարկեն, ապա չեն կարողանա հաճախորդներ ներգրավել։ 

Փոփոխություններից հետո արդեն նշանակություն չի ունենալու, մեքենան օգտագործվում է, օրինակ, տաքսի ծառայություններ մատուցելու, առաքումներ կամ բեռնափոխադրումներ իրականացնելու համար, թե՞ շահագործվում է որպես անձնական մեքենա։ Հաշվարկվելու է վարորդի անհատական ռիսկայնության մակարդակը։ 

Տիգրան Քեյանն ասաց, որ վարորդների կողմից արձագանքը տարբեր է։ Փոփոխություններին քաղաքացիները դժվարությամբ են համակերպվում և յուրաքանչյուր փոփոխություն դժգոհություններով են ընդունում, սակայն գների բարձրացում որպես այդպիսին տեղի չի ունենալու։ 

Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվանից։ Այժմ լուծվում են որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք վերջնականապես կլուծվեն տարվա առաջին եռամսյակից հետո։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան