Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետությունը չգիտի՝ ով ինչ ունի․ բոլոր քաղաքացիների եկամուտների հայտարարագրումը հնարավորություն կտա ավելի արդար հարկման և սոցիալական աջակցության համակարգ ունենալ․ Գևորգ Պապոյան

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր դրական եզրակացություն ստացավ կառավարության կողմից ներկայացված ՀՀ Հարկային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծերի փաթեթը։

Ըստ այդմ, նախատեսվում է 2023 թվականից սկսած ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Նախագծի հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ասաց, որ համակարգը ներդրվելու է երեք հաջորդական տարիների ընթացքում։ Փոխնախարարի խոսքով՝ համակարգի ներդրումը մի քանի նպատակ է հետապնդում, առաջինը՝ ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համապարփակ համակարգի ձևավորումն է՝ այն ակնկալիքով, որ պետություն-քաղաքացի հարաբերությունները լինեն ավելի տեսանելի։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մեզ հետ զրույցում խոսելով նախագծի կարևորության մասին՝ ասաց, որ այս նախագծով տարբեր նպատակներ ունեն, սկսած նրանից, որ իմանան՝ ով ինչ ունի՝ հետագայում ավելի արդար հարկման կամ ավելի արդար սոցիալական աջակցության համակարգ ունենալու համար։ 

Նա հիշեցրեց, որ երբ քովիդի ժամանակ էլեկտրաէներգիայի գումարի աջակցություն էր լինում, մարդիկ կային, որոնք միլիոնատեր էին ու ստանում էին այդ աջակցությունը, նրանք նույնիսկ պատրաստ էին հրաժարվել դրանից, բայց մեխանիզմ չկար։ 

«Պետությունը չգիտեր՝ ով ինչ ունի, որպեսզի կարողանար այդ համակարգն ավելի արդյունավետ աշխատեցնել։ Կամ, օրինակ, մարդ ունենք Հայաստանում, ով 18 000 դրամ նպաստ է ստանում, ամիսը մի քանի հարյուր հազար դրամ վարկ է վճարում։ Ակնհայտ է չէ՞, որ այստեղ իրականությանից շեղում ունենք։ Սա հնարավորություն կտա ավելի արդար բաշխում իրականացնել»,- ասաց Գևորգ Պապոյանը։ 

Պատգամավորը հավաստիացրեց, որ որևէ վտանգ չկա, քաղաքացիները պարզապես պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։ 
Քննարկման ավարտին որոշվեց այս հարցով դեկտեմբերի 14-ին անցկացնել խորհրդարանական լսումներ։

Նոր համակարգի ներդրման մասին մենք զրուցել ենք նաև քաղաքացիների հետ։ Նրանք հիմնականում ասացին, թե խորությամբ ծանոթ չեն նախագծին և չեն կարող ասել՝ դա լա՞վ է, թե՝ վատ։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան