Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում խաղաղապահ ուժերի ղեկավարը խոսել է Բաքվի հետ համաձայնությամբ Լաչինի միջանցքում «ինչ-որ փոքր մաքսակետ» տեղադրելու մասին. տեսանյութ

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովն ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, թե ադրբեջանական կողմի հետ համաձայնության են եկել, որ Լաչինի միջանցքում պետք է «ինչ-որ փոքր մաքսակետ» տեղադրվի։

«Մենք ադրբեջանական կողմի հետ համաձայնության ենք եկել՝ մինի-մաքսակետ ստեղծել, հատուկ սարքավորումներ տեղադրել մեր առաջին անցակետում։ Մենք տեխնիկական ստուգման միջոցներ մինչև հիմա չենք ունեցել։ Զինվորները բացում են, ինչ-որ պարկերի, բեռի տակ կարող է տեղափոխվել ցանկացած բան։ Մենք դա կդնենք, կստուգենք, կարծում եմ՝ աշխատանքի արդյունավետությունը կերևա, երաշխիք կլինի, որ որևէ արգելված բեռ չի տեղափոխվի»,- ադրբեջանցի լրագրողներին հավաստիացրել է Վոլկովը։ 

Արցախից այս առթիվ արձագանք դեռ չկա։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը չի նշել՝ արդյոք դա համաձայնեցվե՞լ է Արցախի իշխանությունների հետ ևս, թե՞ ոչ։ 

Հիշեցնենք, որ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն Լաչինի միջանցքով երթևեկությունը պետք է լինի անխոչընդոտ, առանց մաքսակետերի և այն պետք է լինի ամբողջությամբ և բացառապես ռուս խաղաղապահների իրավասության ներքո։
Եթե Լաչինում ադրբեջանական մաքսակետ տեղադրվի, ապա դա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական կոպիտ խախտումը կլինի։