Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ քաղաքացիները աղբը նետում են գետը, դա վերադարձվում է մեզ սնունդի տեսքով․ քաղաքապետարանը Գետառի վրա մաքրման կայան տեղադրելուց զատ նաև քաղաքացիների զգոնությունն է ակնկալում. տեսանյութ

Երևանի կենտրոնով հոսող Գետառը, որը Հրազդան գետի ձախ վտակն է, աղտոտում են հենց քաղաքացիները՝ հիմք դնելով թունավոր սնունդ ստանալուն ու գարշահոտությանը։ 

Դեռևս 2007թ.-ի գարնանը Երևանի քաղաքապետարանը, չընդունելով որոշ բնապահպանների բողոքը, նախաձեռնեց Գետառի փակման աշխատանքները, որպեսզի Նորք գնացող վարորդները կարողանան միանգամից դուրս գալ Հերացու փողոց, նաև քաղաքացիների կարծիքով՝ բնապահպանական տեսանկյունից սխալ էր Գետառը փակելը։

Գետառում կենցաղային աղբի տեսակներից գրեթե ամեն ինչ կա՝ նույնիսկ մաշված հողաթափներ, օղու, հյութի ապակե և պլաստիկ շշեր, դեղի տարաներ։ Թե ինչու չեն տուգանվում քաղաքացիները, Երևանի քաղաքապետարանից պատասխանում են՝ պետք է աղտոտողներին տվյալ պահին տեսնենք՝ ձեռքները բռնենք, որ տուգանենք։ 

Ո՞րն է հարցի լուծումը՝ տեսախցիկների տեղադրո՞ւմ, աղտոտելու համար բարձր տուգա՞նք, թե՞ բնապահպանական ծանր հետևանքների մասին իրազեկում քաղաքացիներին։  

Օրինակ՝ Գետառը սկզբնավորվում է Գեղամա լեռներից, հոսում է նաև Կոտայքի մարզով, Երևանով ու միանում Հրազդան գետին։  
«Աղտոտող քաղաքացիներին տուգանելու համար տեսախցիկներ տեղադրելու գաղափարը մեծ ծախսերի հետ է կապված և հարցի լիարժեք լուծում չի լինի, որովհետև աղբի մի մասը Երևան է գալիս ու կուտակվում նաև այլ բնակավայրերից»,- նշում են Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման բաժնից։ 

«Գետառն ամեն տարի գարնանն ու ըստ անհրաժեշտության ամբողջությամբ մաքրվում է»,- հավաստիացնում են քաղաքապետարանից։
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Գայանե Ներսիսյանն էլ, բացի բնապահպանական ծրագրերից, կարևորում է նաև քաղաքացիների իրազեկվածության բարձր մակարդակը։ 

Ինչ վերաբերում է բնապահպանական ծրագրերին, բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարողը նշում է՝ Գետառի մեջ շատ կոյուղաջրեր են թափվում, այդ նպատակով տեղադրելու են մաքրման կայան հենց Գետառի վրա, որտեղից ոռոգման նապատակով մաքրված ջուրը կթափվի Հրազդան գետը։ Այս ծրագիրը կիրականացվի 2023թ.-ին, իսկ հիմա  նախագծային փուլում է։

«Գետի մեջ կենցաղային աղբ նետելը չափազանց վտանգավոր հետևանքների է բերում, որովհետև աղբի մեջ տարբեր տեսակի թունավոր նյութեր կան, ժավելի տարբեր տարաներ են լինում, ինչը կանխարգելելու համար մեր կողմից տեղադրվել է ճաղավանդակ Հրազդան գետի վրա, որպեսզի ինչ-որ չափով պահվի աղբը»,- ասում է Գայանե Ներսիսյանը։  

Հաշվի առնելով, որ գրեթե ամեն օր աղտոտվող Գետառը գալիս թափվում է Հրազդան գետը, հենց այդ հատվածում ջրի հոսքի վրա կենցաղային աղբը պահելու համար էլ ճաղավանդակ է տեղադրված։ Քաղաքապետարանը ևս երկու ճաղավանդակ կկառուցի Հրազդան գետի վրա։

Քաղաքացիների կողմից գետերի աղտոտումը շարունակվում է, չնայած նրան, որ վտանգների մասին իրազեկման ակցիաները, ըստ քաղաքապետարանի, շարունակվում են։  

«Գետառը, որը թափվում է Հրազդանի մեջ, նաև ռազմավարական նշանակության ջրամբարի՝ Երևանյան լճի մեջ է թափվում, որից էլ ոռոգվում է մեր Արարատյան հարթավայրը։ Նույն սնունդը, որ մենք այսօր նետում ենք ջրի մեջ որպես աղբ, հետո վերադարձվում է մեզ մթերքի տեսքով»,- մեկնաբանում է Գայանե Ներսիսյանը։ 

Գայանե Ներսիսյանը շեշտում է՝ ամեն անգամ աղբ նետելիս դուք և ձեր երեխաները ստանալու եք աղտոտված մթերք։ 

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում