Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր անձնագրերը կլինեն ժամանակի պահանջներին բավարարող և ավելի մեծ հնարավորություն կտան քաղաքացուն՝ սկսած էլեկտրոնային ստորագրությունից․ Արմեն Խաչատրյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: 

Համաձայն նախագծի փոփոխությունների՝ Հայաստանում ժամանակավորապես՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը:

 Civic.am-ի հետ զրույցում նախագծի հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ խնդիրն այն է, որ 2023 թվականի հունվարի 1-ից այլևս հին նմուշի անձնագրեր պետք է չտրվեին, և 2012 թվականից տրվող  այդ կենսաչափական անձնագրերը պետք է շարունակություն ունենային և 2023 թվականի հունվարից միայն պետք է տրամադրվեին այդ կենսաչափական  անձնագրերը, բայց այդ կենսաչափական անձնագրերը, որոնք սահմանվել էին 2012 թվականին, ներկայիս պայմաններին չեն համապատասխանում, և ներկայումս մշակվում է նոր անձնագիր՝ նոր ձևի և բովանդակության մեջ։  

«Սա շատ ավելի մեծ հնարավորություններ կտա՝ սկսած էլեկտրոնային ստորագրությունից, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունից, սա քաղաքացիների համար շատ ավելի հարմարավետ և ժամանակի պահանջներին բավարարող անձնագիր կլինի։ Իսկական կենսաչափական կլինի, բայց այդ աշխատանքներն ավարտելու համար դեռևս մեկ տարի ժամանակ է պետք, ինչի համար ոստիկանությունն այս նախագիծը բերել է, և մենք բավարարել ենք՝ վստահ լինելով, որ մեկ տարի հետո մենք արդեն կունենանք մի անձնագիր, որն իրականում կարտացոլի ներկայիս բոլոր խնդիրները և իր ձևի ու բովանդակության մեջ կներառի այն, ինչը որ անհրաժեշտ է ներառել»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան