Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2 ծննդկանի մահ՝ 2 շաբաթում․ Նարեկ Զեյնալյանն առաջարկում է նման դեպքերում իջեցնել ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկի մակարդակը

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս նախագիծը վերաբերում է լիազորող նորմերին։ Լիազորող նորմերով առողջապահությանը վերապահվելու է իրավասություն՝ սահմանել բնակչության բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում որոշակի չափորոշիչներ և ընթացակարգեր, ինչպես նաև սահմանել լիազորող նորմ մայրական և պերինատալ մահացության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և վերլուծության մասին։

«Ըստ էության բուժօգնության գործընթացներում բնակչությունը որևէ փոփոխություն չի տեսնի, սա զուտ ընթացակարգային է, որպեսզի առողջապահությունը լիազորություն ունենա գործող իրավական ակտերում իրականացնելու համապատասխան փոփոխություններ, որոնց կարիքը աշխատանքի ընթացքում է առաջանում»,- ասաց փոխնախարարը։

Նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, դիմելով փոխնախարարին, ասաց, որ վերջին շրջանում զգալիորեն ավելացել է մայրական մահացությունների թիվը, ինչն արդեն տագնապալից է։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք այս հարցով վերլուծություններ արվո՞ւմ են, արդյոք բոլոր դեպքերով հետազոտություն արվո՞ւմ է, և  նախարարությունը պահո՞ւմ է իր ուշադրության կենտրոնում, թե՞ ոչ։ 

Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ ցանկացած դեպքով հարուցվում է քրեական գործ, և իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն ու տրվում դատաբժշական եզրակացություն՝ մահվան պատճառի և հանգամանքների մասին։

«Չնայած քրեական վարույթին, կա «Մոր և մանկան հանձնաժողով», որտեղ պերինատալ մահացության բոլոր դեպքերը ենթարկվում են անհատական քննարկման, և հանձնաժողովի կողմից ընդունվում են որոշակի եզրահանգումներ մահվան դեպքերի հետ կապված և ներկայացվում են ոլորտային առողջացման ծրագրեր»,- ասաց փոխնախարարը։ 
  
Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն էլ, ներկայացնելով իր դիտարկումը, ասաց, որ կարծում է՝ եթե նման դեպք արձանագրվում է  ծննդօգնություն իրականացնող  բժշկական կազմակերպությունում,  ապա առնվազն պետք է քննարկման առարկա դառնա նրանց մակարդակը։

«Եթե երրորդ մակարդակի ծննդօգնություն  իրականացնող բժշկական հիմնարկ է, պետք է առնվազն քննարկման առարկա դառնա և անհրաժեշտության դեպքում վերանայվի մակարդակը՝ երրորդից իջեցվի երկրորդ կամ առաջին, եթե կարիքը կա։ Սա կխնդրեմ ևս նախարարությունում նախարարի հետ քննարկեք»,- ասաց Նարեկ Զեյնալյանը։

Արձագանքելով՝ փոխնախարարն ասաց, որ հանձնաժողովը, որն իրավասու է քննարկել նման դեպքերը, անկախ հանձնաժողով է, և իրենք կփոխանցեն պատգամավորի դիտարկումները, որպեսզի նաև այդ առնչությամբ ունենան համապատասխան քննարկումներ։

Հիշեցնենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում մահացել է երկու ծննդկան, մեկը՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, մյուսը՝ «Արմենիա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան