Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորն ինքնավնասում է կատարել․ կտրող, ծակող գործիքները ազատազրկվածների մոտ կարող է հայտնվեն նաև ՔԿՀ աշխատակիցների միջոցով․ իրավապաշտպան

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Վիրաբ Ղազարյանն արդեն մի քանի օր է՝ հացադուլի մեջ է։ Երեք անչափահաս երեխա իր խնամքին ունեցող Ղազարյանը մեղադրվում է խարդախության համար։ Civic.am-ին տեղեկացնում է կալանավորի քույրը՝ Գայանե Ղազարյանը։

«Հենց հիմա 7-րդ օրն է հացադուլի մեջ է, ոչ մեկ ոչ մտնում են, ոչ հետաքրքրվում են, մենակ մտնում են կշռում են ու ճնշում են չափում։
Մեկ ամսվա մեջ 5 անգամ ոտքի վիրահատություն են արել ու հիմա հացադուլի մեջ է»,- հավելում է Գայանե Ղազարյանը։

Կալանավոր Վիրաբ Ղազարյանի ոտքը մի քանի անգամ վիրահատել են, վնասվել է հենց կալանավորված ժամանակ։  Քույրն անհանգիստ է, կարծում է՝ ոտքը փտելու վտանգ կա, սակայն չեն կարողանում եղբոր ոտքի հետագա բուժումը քաղաքացիական հիվանդանոցում իրականացնել․ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկանք չեն տալիս, որ իրենց մոտ համապատասխան բուժում չեն կարող իրականացնել։ 
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանի խոսքով, եթե իրենք չունեն մասնագետ կամ որևէ բուժական գործառույթ իրականացնելու լիցենզիա, ապա ազատազրկվածին բժշկի ցուցմամբ տրվում է թույլտվություն քաղաքացիական հիվանդանոցում բուժումն իրականացնելու համար, այս կալանավորի պարագայում նման ցուցում չկա։
«Եթե մենք չենք կազմակերպել Վիրաբի այլ բժշկական հաստատությունում բուժումն, ուրեմն այս պահին չունենք ցուցում»,-ասում է Նաիրա Բաբայանը։ 

Նրա խոսքով՝ կալանավոր Վիրաբ Ղազարյանը հենց ինքն է վնասել իր ոտքը՝ թուք է ներարկել իր ոտքին, որի հետևանքով էլ բարդություններ են առաջացել ու կազմակերպվել է մի քանի վիրահատական միջամտություն «Արմենիա» բժշկական կենտրոնում․ «Կալանավորված վիճակում թուք է սրսկել ինքն իրեն, միշտ անում են դա, ընդունված տարբերակ է, ենթամաշկ են անում խնդիրներ չի լինում։ Իրեն ցուցվել է ֆիզոթերապիա, բայց որևէ տեղ այդ ցուցումը շտապ կարգով տրված չի»,-ասում է Նաիրա Բաբայանը։ 

Թե երբ կկազմակերպվի կալանավորի ոտքի ֆիզիոթերապիան՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նշում է․ «Հիմա հիվանդանոցներում պետպատվերի տեղերը սպառվել են, սպասում ենք հաջորդ տարեսկզբին՝ Առողջապահության նախարարությունը պետպատվերի տեղեր հատկացնի, որ բուժումը կազմակերպենք»։

Որտեղից է կալանավորի մոտ հայտնվել ներարկիչ, որ ինքն իրեն վնասի, Քրեակատարողական վարչությունը չունի այս հարցի պատասխանը։ 

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանն ընդգծում է․ «Հայտնի չէ, թե երբ է թուք ներարկել և որտեղ է ներարկել, քանի որ ինքը բազմաթիվ անգամ դուրս է գնացել և դատարան, և քաղաքացիական հիվանդանոց, և դատապարտյալների հիվանդանոց»։  

Հայաստանի բոլոր քրեակատարաողական հիմնարկներում գրանցվում են ինքնավնասման դեպքեր։ Այս մասին տեղեկացնում է քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։  Ըստ դիտորդական խմբի հավաքագրած տվյալների՝ 2021թ․ Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներում եղել է ինքնավնասման 366 և մահվան 13 դեպք, որոնցից 3-ը ինքնասպանություն է եղել։ Իսկ այս տարվա առաջին վեց ամիսների կտրվածքով հացադուլի 254 դեպք է արձանագրվել, ինքնավնասման 239 և 3 մահվան դեպք։
«Կամ որևէ իր են կուլ տալիս, կամ թուք են ներարկում, կամ փորձում են սուր կտրող գործիքներով վնասել բազկային հատվածները։ Այդ դեպքերի ամենամեծ քանակը արձանագրվել է առաջին հերթին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում՝ 144 դեպք, երկրորդը՝ Արթիկն է եղել՝ 36 դեպք, հետո Արմավիրը 34 դեպք»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը։

Թե ինչպես են արգելված իրերը՝ կտրող, ծակող գործիքները, հայտնվում ազատազրկվածների մոտ Զարուհի Հովհաննիսյանը նշում է․ «Դա ցանկացած ձևով կարող է լինել ընդհուպ մինչև աշխատակիցների միջոցով ներս գալը և ընդհուպ մինչև այնպիսի վայրերում պահելը, որը զննության ժամանակ անմատչելի է կամ հնարավոր չէ և չեն կարողանում գտնել։ Ինչ վերաբերում է սրսկիչներին՝ դրանք շատ ավելի դժվար է ներս մտցնելը, բայց ինչ-որ ձևով հայտնվում է իրենց մոտ»։ 

Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ ըստ իրենց վիճակագրության՝ հացադուլ անող ազատազրկվածները հիմնականում համաձայն չեն իրենց քրեական գործի հետ, ինչպես նաև երբ դատարանի ուժի մեջ մտած վճիռ դեռ չկա, բայց իրենց նկատմամբ արդեն կալանք է կիրառվում։  Իսկ ինքնավնասում անողների մեջ էլ կան առողջական խնդիրներ ունեցողներ, ինչպես նաև ծանր հոգեվիճակում գտնվող մարդիկ են երբեմն դիմում այդ քայլին։ 

Ինչ վերաբերում է խոշտանգումներին, իրավապաշտպանը նշում է՝ ոստիկանության բաժիններում խոշտանգման դեպքերին առնչվող քրեական գործեր կան․ «Անձինք են եղել, որ մուտք են գործել քրեակատարողական հիմնարկ կապտուկներով ու վնասվածքներով և այդ վնասվածքները հավուր պատշաճի չեն արձանագրվել, դրանք պետք է պատշաճ լրացվեն, որպեսզի վերհանվեն խոշտանգումների դեպքերը»։

Խնդիրների լուծումն իրավապաշտպանը տեսնում է ոչ միայն ազատազրկվածների պահման պայմանների բարելավմամբ ու իրավապահ համակարգում ծառայողական անաչառ քննությունների իրականացմամբ, այլ նաև պորբացիայի ծառայության զարգացմամբ, ու հնարավորինս քիչ ազատազրկվածներ ունենալով։ Զարուհի Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ազատազրկումը պետք է կիրառվի այն ժամանակ, երբ անձը հասարակությանն ուղղված մեծ վտանգավորության արարք է կատարել, և հաշվի առնելով, որ 2023թ․-ից  Հայաստանում կգործի տնային կալանքը՝ ակնկալելի է, որ դատարանները մեծամասամբ կիրառեն արդեն այդ տարբերակը։ 

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում