Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիի բնակարանների վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանի «սկանդալային պատմությունը» մանիպուլյատիվ է. fip.am

Գյումրիի բնակարանների վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանի «սկանդալային պատմությունը» մանիպուլյատիվ է. fip.am
Հասարակություն
16:28, 09 декабрь 2022
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 2-ին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ «սփյուռքին քցելու հերթական շոուն» է տեղի ունեցել Գյումրիում։

Ըստ նրա՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, սփյուռքից արված հանգանակությամբ, «Մեր Գյումրին» ծրագրով կառուցել է 6 հարկանի երկու շենք՝ 36 բնակարանով, և ապա նոյեմբերի 25-ի հերթական տելեթոնի շրջանակում ցուցադրել տեսանյութ, թե ինչպես են գյումրեցիներին հանձնում իրենց տների բանալիները։

«Ինձ դիմել են հոկտեմբերի 31-ի «բնակարանամուտ» շոուին մասնակցած մի քանի ընտանիք, ովքեր խնդրեցին էս պահին իրենց անունները չհրապարակել, հույս ունենալով, որ մի ինչ-որ պահի իրենց երևի տուն կտան և պատմեցին, որ տեսանյութը նկարելուց հետո իրենց ձեռքից վերցրել են բանալիները, ասել են, թե դրանք սիմվոլիկ բանալիներ են ու մարդկանց ուղարկել են իրենց դոմիկներով, խոստանալով հետո զանգել»,- գրել է Զոհրաբյանը։

Զոհրաբյանի գրառումը տարածել էին mamul.am-ը,  asekose.am-ը, auroranews.am-ը, hayacq.com-ը, yerevan24.am-ը և մի շարք այլ կայքեր` «Սփյուռքին քցելու հերթական շոուն», «Տեսանյութը նկարելուց հետո գյումրեցիների ձեռքից վերցրել են բանալիները» վերնագրերով:  

Զոհրաբյանն այս պատմությունը ներկայացրել է նաև դեկտեմբերի 7-ին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում։ 

Ըստ նրա՝ նախապես հոկտեմբերի 31-ին մարդկանց տվել են նորակառույց բնակարանների բանալիները, նկարել ռեպորտաժ, դա տարածել, բայց հետո մարդկանց ձեռքից բանալիները վերցրել են. արդյունքում՝ կառուցված նորակառույցներում որևէ մեկը չի ապրում։

«Թե ինչո՞ւ է այդպես՝ ընտանիքներից շատերն ինձ ասում էին, որ միգուցե ուզում են նոր վերաբաշխում անեն, ինչ-որ մարդկանց ասել են՝ գիտե՞ք, գուցե ձեզ չտանք այս անգամ, չնայած արդեն բանալիները տվել և հետ էին վերցրել, տանք 44-օրյա պատերազմի․․․ ինչևէ, խնդիրն այն է, որ դա եղել է սուտ, դա եղել է ապատեղեկատվություն։ Հարգելի սփյուռք, այդ երկու վեցհարկանի շենքերում առ այս պահը որևէ մեկը չի բնակվում»,- եթերում նշում է Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը նաև նշել է, որ իր կողմից աղմուկ բարձրացնելուց հետո զանգել են բնակիչներին և ասել, որ մինչև դեկտեմբերի 25-ը կգաք, ձեր բնակարանները կստանաք։

Լրագրողի դիտարկմանը, թե արդյո՞ք Համահայկական հիմնադրամն արձագանքել է Զոհրաբյանի գրառմանը, վերջինս պատասխանել է․ «Բացարձակապես ոչ, չի արձագանքել, արձագանքել են այնքանով, որ զանգել են շահառուներին և ասել, որ տեխնիկական խնդիրներ է եղել, դուք այս բնակարանները մինչև դեկտեմբերի 20-ը, 25-ը կստանաք»։

Համահայկական հիմնադրամի պարզաբանումը

Չնայած Նաիրա Զոհրաբյանի դեկտեմբերի 7-ի պնդմանը, թե իր գրառմանը Հայաստանի համահայկական հիմնադրամից չեն արձագանքել, Համահայկական հիմնադրամը դրանից դեռևս երկու օր առաջ՝ դեկտեմբերի 5-ին պարզաբանում էր տարածել, որը հրապարակել էր ինչպես Հանրային հեռուստաընկերության լրատվականը, այնպես էլ այլ կայքեր։

Հիմնադրամից հաստատում են, որ «Հեռուստամարաթոն-2022»-ի նկարահանումների շրջանակում «Մուշ-2» թաղամասի շահառուներին բնակարանների բանալիները իսկապես սիմվոլիկ են հանձնվել նրանց՝ շահառու լինելու մասին տեղեկացնելու առիթով: Միաժամանակ պարզաբանել են, որ շահառուները հնարավորություն կունենան մուտք գործել և լիարժեք շահագործել իրենց բնակարանները բազմաբնակարան երկու շենքերի սեփականության իրավունքի գրանցումից հետո։

«Բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո միայն, շահառուները հնարավորություն կստանան դիմել և բաժանորդագրվել ջրի, հոսանքի և գազի անհատական հաշվիչները ստանալու և տեղադրելու համար։ Ընտրված շահառուների ցանկում որևէ փոփոխություն չի եղել և չի լինելու»,- նշում է Հիմնադրամը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում