Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է պահանջենք, որ ռուս խաղաղապահներից բացի նաև այլ երկրների խաղաղապահ ուժեր տեղակայվեն․ արցախցիները հավաքվում են «Վերածննդի» հրապարակում

Պետք է պահանջենք, որ ռուս խաղաղապահներից բացի նաև այլ երկրների խաղաղապահ ուժեր տեղակայվեն․ արցախցիները հավաքվում են «Վերածննդի» հրապարակում
Հասարակություն
16:52, 12 декабрь 2022
Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ակցիայի մասնակիցները Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին վրաններ են տեղադրել։ Տեղում են ռուս խաղաղապահները։ 

Արցախի Ազգային Ժողովը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված է․ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում կոնկրետ քայլերով գործողություններ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները:
Ռուս խաղաղապահներին հորդորում ենք եռակողմ համաձայնագրի շրջանակում առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները»:

«Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր Տիգրան Պետրոսյանը Civic.am-ին հայտնեց, որ հանդիպել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ, սպասում են ռուսների պատասխանին։ «Պետք է հավաքվենք, պահանջենք, որ ռուս խաղաղապահներից բացի այստեղ նաև այլ երկրների խաղաղապահ ուժեր տեղակայվեն, որովհետև ռուս խաղաղապահները չեն կարողանում զսպել ադրբեջանցիներին», - ասաց Տիգրան Պետրոսյանը։ 

Պետրոսյանը կոչ արեց արցախցիներին, հավաքվել Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում։ «Պետք է հանրությունը հավաքվի, մենք մեր անելիքը անենք, որովհետև սա Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների, ցեղասպանության փորձ է, ուրիշ ոչինչ։ Մարդիկ հավաքվեն, միասին որոշենք ինչ ենք անում։ Որևէ խուճապ այս պահին չկա, մարդիկ հանգիստ հավաքվում են, գան տեսնենք ինչ պետք է անենք», - ասաց Տիգրան Պետրոսյանը։

Վովա Հակոբյան